Արմինֆո.2023 թվականի սեպտեմբերի 25-ին Ստեփանակերտի վառելիքի պահեստի պայթյունից զոհվածների հարազատները բաց նամակ են հղել ՀՀ կառավարությանը, ՀՀ ազգային ժողովին, Հայաստանի վարչապետին եւ պաշտպանության նախարարին՝ կոչ անելով համարժեք սոցիալական աջակցություն տրամադրել այդ պատահարից տուժած բոլոր ընտանիքներին:
«Մենք՝ 2023 թվականի սեպտեմբերի 25-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության բանակի վառելիքաքսուքային նյութերի պահեստի պայթյունի զոհերի ընտանիքներս, դիմում ենք Ձեզ այս բաց նամակով՝ մեր խնդիրը բարձրաձայնելու և մեր ձայնը վերջապես լսելի դարձնելու հույսով։ 2020 թվականի նոյեմբերի 9-ին Նիկոլ Փաշինյանի, Իլհամ Ալիևի և Վլադիմիր Պուտինի կողմից ստորագրված եռակողմ հայտարարությամբ ստեղծվել է Արցախի բնակչության անվտանգության ապահովման որոշակի համակարգ, որին Հայաստանի Հանրապետությունը համաձայնել է:
Նշված երաշխիքների ներքո, 2020 թ.-ի սեպտեմբեր-նոյեմբեր ամիսներին ռազմական գործողությունների հետևանքով տեղահանված Արցախի Հանրապետության բնակիչների զգալի մասը, այդ թվում մեր ընտանիքները, որոշում են կայացրել վերադառնալ իրենց մշտական բնակության վայր՝ Արցախ: 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարության, 2022 թվականի դեկտեմբերի 12-ից սկսած Արցախի շրջափակման և 2023 թվականի սեպտեմբերի 19-ի հարձակման հետևանքով, ցեղասպանության անմիջական սպառնալիքի և վառելիքի ի սպառ բացակայության պայմաններում, Ստեփանակերտ-Ասկերան ավտոճանապարհի մոտ գտնվող Հայկազովի զորամասի բենզինի պահեստում հազարավոր մարդիկ հերթ են կանգնել՝ բենզին ձեռք բերելու և տեղահանվելու համար: Այս իրավիճակում, 2023 թվականի սեպտեմբերի 25-ին տեղի է ունեցել պայթյունը, այս իրադարձությունների և պայթյունի պատճառահետևանքային կապը, կարծում ենք, ակնհայտ է բոլորի համար: Արդեն անցել է ավելի քան մեկ տարի այն օրից, երբ մեր հարազատները դարձան այդ սարսափելի ողբերգության զոհերը։ Պայթյունի հետևանքով պաշտոնական տվյալներով 219 անձ զոհվեց, 22-ը մինչ օրս անհայտ կորած են։
Սակայն զոհերը շարունակում են մնալ անորոշ իրավական կարգավիճակում, իսկ մենք՝ առանց պետական աջակցության և փոխհատուցման։ Բազմաթիվ գրավոր դիմումներ ենք ուղղել ՀՀ տարբեր պետական մարմիններին, այդ թվում՝ Վարչապետի աշխատակազմին, պաշտպանության նախարարությանը, մարդու իրավունքների պաշտպանին և աշխատանքի ու սոցիալական հարցերի նախարարությանը։ Սակայն, ի պատասխան մեր դիմումների, ստացել ենք միայն ձևական պատասխաններ, որոնցում նշվում է, որ հարցը «դուրս է տվյալ մարմնի լիազորությունների շրջանակից» կամ «դեռևս քննարկվում է», - ասվում է բաց նամակում:
Այդ առնչությամբ պայթյունի զոհերի հարազատները կոչ են արել Արցախի պաշտպանության բանակի վառելիքի պահեստում տեղի ունեցածը ճանաչել որպես ռազմական գործողությունների հետեւանք և լուծել զոհված և անհետ կորած անձանց ընտանիքներին փոխհատուցման հարցը՝ համարժեք սոցիալական աջակցություն ցուցաբերելով այդ ողբերգական միջադեպից բոլոր տուժածներին: