Արմինֆո. Այս տարի Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը կդառնա 100 տարեկան: Այդ առնչությամբ այսօր տեղի է ունեցել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանի գլխավորած հոբելյանական հանձնաժողովի անդրանիկ նիստը, որի ընթացքում քննարկվել են ծրագրերի և միջոցառումների իրականացման առաջարկները:
Ներկայացված առաջարկների համաձայն, հոբելյանական ծրագրի շրջանակում նախատեսված են Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի և աշխարհահռչակ երաժիշտների ու դիրիժորների համատեղ համերգներ Հայաստանում, ինչպես նաև հյուրախաղեր Եվրոպայի երկրներում, ԱՄՆ-ում և Հայաստանի մարզերում:
Ծանոթանալով նախագծերին՝ հանձնաժողովի անդամներն առաջարկել են քննարկել նաև Արամ Խաչատրյանի անվան համերգասրահի ճեմասրահում Հայաստանի ֆիլհարմոնիկ նվագախմբի պատմությանը նվիրված ցուցահանդես և հոբելյանական նամականիշի մարման արարողություն կազմակերպելու հարցը:
Նշենք, որ Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը հիմնադրվել է 1925թ. մարտին, սկզբում՝ Երևանի կոնսերվատորիայի նվագախմբի կարգավիճակով: Նրա հիմնադիրներն էին Երևանի կոնսերվատորիայի ռեկտոր Արշակ Ադամյանը՝ կոմպոզիտոր Ալեքսանդր Սպենդիարյանի գործուն մասնակցությամբ։ Այդ նվագախումբը հետագայում դարձավ Հայաստանի բոլոր սիմֆոնիկ կոլեկտիվների հիմքը։ Ներկայումս Ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը Հայաստանի ազգային պրոֆեսիոնալ նվագախմբային երաժշտության կենտրոնն է: 2000 թվականից նվագախումբը ղեկավարում է մաեստրո Էդուարդ Թոփչյանը։ -