Արմինֆո. Գյումրիում վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից արված հայտարարությունները ակնհայտորեն լուրջ ջղաձգումներ են առաջացրել երկրորդ և երրորդ նախագահների գրասենյակներում եւ աֆիլացված արբանյակներում։ Այդ կարծիքին է վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը։
«Սա ևս մեկ անգամ գալիս է վերահաստատելու, որ Գյումրիի ընտրապայքարը ընդդիմադիրների խմբակը դիտում է որպես միակ և վերջին միջոց, որով կարող են պահել ժողովրդից թալանված և յուրացվածը։
Վարչապետի հայտարարությունը դարձավ շատերի ինքնախոստովանության և ինքնալուստրացիայի պատճառ։ Ժողովրդի հաշվին հարստացածների հիստերիան վկայում է այն մասին, որ Հայաստանում ներդրված իրավական համակարգերը ճշգրիտ կերպով աշխատում են, և օրինական ճանապարհով ամեն բան #հատիկառհատիկ վերադարձվելու է», - գրել է մամուլի քարտուղարը՝ «Ֆեյսբուքի» իր էջում։
«Նրանք, ովքեր արդեն ինքնահայտարարագրվել են Գյումրիի ընտրություններին մասնակցելու, նրանց մասնակցությունը ընդամենը ունի մի համատեքստ. Նրանք դուրս են էկել իրենց գողացված գույքերը պաշտպանելու վերջին կռվին եւ վերջին ճակատամարտին: Նրանք դուրս են եկել իրենց թալանածը պաշտպանելու վերջին մարտին ու ճակատամարտին: Գյումրիի ընտրություններին մասնակցում է 300-350 մլն դոլարի ապօրինի ձեռքբերված գույք, որը սպասվում է վերադարձի Հայաստանի Հանրապետությանը եւ ժողովրդին ի սեփականություն: Ընդ որում հայտնի են՝ ումն են էդ գույքերը: Դրանք Միշիկի գույքերն են, դրանք Վարդանիկի գույքերն են, դրանք Ռոբիկի գույքերն են, եւ դրանք Սերժիկի գույքերն են», - նախօրեին Գյումրիում հայտարարել է Նիկոլ Փաշինյանը՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցոության միջոցառման ժամանակ:
Հայտարարությանն արձագանքել է Գյումրու նախկին քաղաքապետ Սամվել Բալասանյանը ՝ Փաշինյանին մեղադրելով բարոյական և մարդկային բոլոր սահմանները հատելու մեջ, իսկ Եվրադաշինքի Գյումրիի քաղաքապետի թեկնածու Լեւոն Բարսեղյանն այն որակել է զրպարտչական: «Պետական բարձր պաշտոնյան պարտավոր է պատասխանատու լինել իր հայտարարությունների եւ գործողությունների համար: Այս համատեքստում արժեքավոր կլիներ իր պարզաբանող եւ ափսոսանքի հայտարարությունը վերոհիշյալի մասին», - հայտարարել է Լեւոն Բարսեղյանը: -