Արմինֆո. ԱՄՆ պետքարտուղար Մարկ Ռուբիոն հաղորդել է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (ԱՄՆ ՄԶԳ) ծրագրերի 83 տոկոսի փակման մասին:
"6 շաբաթ տևած վերլուծությունից հետո մենք պաշտոնապես դադարեցնում ենք ԱՄՆ ՄԶԳ ծրագրերի 83 տոկոսը։ Չեղարկվել է 5200 պայմանագիր, որոնք տասնյակ միլիարդավոր դոլար են ծախսել այնպես, որ չեն ծառայել (իսկ որոշ դեպքերում նույնիսկ վնասել են) ԱՄՆ-ի հիմնական ազգային շահերին։
Կոնգրեսի հետ խորհրդակցելուց հետո մենք մտադիր ենք, որպեսզի ծրագրերի մնացած 18%-ը (մոտ 1000) այժմ ավելի արդյունավետ կառավարվի Պետդեպարտամենտի կողմից", - գրել է Ռուբիոն Twitter-ի (X) իր միկրոբլոգում:
Հիշեցնենք, որ ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփն այս տարվա հունվարին իր երդմնակալությունից անմիջապես հետո հայտարարել էր ԱՄՆ ՄԶԳ գործունեությունն 90 օրով կասեցնելու մասին:
Նշենք, որ 2024 թվականի ապրիլի 5-ին, Բրյուսելում ՀՀ-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումից հետո՝ ապրիլի 17-ին ԱՄՆ ՄԶԳ-ն հրապարակել էր մամլո հաղորդագրություն, որտեղ ներկայացրել էր գործակալության գործունեության ուղղությունները Հայաստանում։
Գործակալությունում հիշեցրել են, որ 1992 թվականից ի վեր Միացյալ Նահանգները Հայաստանում ներդրել է շուրջ 3,3 մլրդ դոլար ՝ ժողովրդավարական բարեփոխումներին, տնտեսական աճին և կայունությանը աջակցելու, ինչպես նաև մարդասիրական օգնություն ցուցաբերելու համար: Միաժամանակ ընդգծվում է, որ ի կատարումն ապագա սերունդների համար խաղաղ, ժողովրդավարական եւ բարգավաճ Հայաստանի առաջմղման իր հանձնառության՝ ԱՄՆ ՄԶԳ-ն 33 մլն դոլար կտրամադրի Հայաստանի ժողովրդին աջակցելու համար՝ օգնություն ցուցաբերելով վերջին ռազմական գործողություններից հետո տեղահանված անձանց, էներգետիկ սեկտորի ամրապնդման, պարենային անվտանգության բացակայության դեմ պայքարելու, տնտեսական կայունության, թվային կառավարման և տարածաշրջանային ինտեգրման խթանման և մարդու իրավունքների պաշտպանության համար: