Արմինֆո.Արցախի ժողովրդի հիմնարար իրավունքների պաշտպանության հանձնախումբը հավաքվել էր շաբաթ օրը Երևանում՝ ողջ կազմով։ Այդ մասին Facebook-ի իր էջում հաղորդել է ՀՀ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը:
«Հանդիպման ընթացքում հանձնաժողովը գնահատել է իր աշխատանքների առաջընթացը, վերլուծել ներքին, տարածաշրջանային և համաշխարհային զարգացումները և պլանավորել ծրագրային հետագա քայլերը։
Բացի այդ, հանձնաժողովը հանդիպումներ է ունեցելԱրցախի Հանրապետության Ազգային ժողովինախագահի պարտականությունները կատարող Գագիկ Բաղունցի և ԱԺ պատգամավորների հետ։ Օրակարգում՝ Արցախի բռնի տեղահանված ժողովրդի անվտանգ, հավաքական և արժանապատիվ վերադարձի ապահովումը, Բաքվի բանտերում ապօրինաբար պահվող հայ պատանդների ազատ արձակումը, ինչպես նաև հայկական մշակութային ու կրոնական ժառանգության և ունեցվածքի պաշտպանությունը», - գրել է Վարդան Օսկանյանը։
Հիշեցնենք, որ նախորդ տարվա հունվարին Արցախի ժողովրդի հավաքական հայրենադարձության և այլ հիմնարար իրավունքների պաշտպանության նպատակով ստեղծվել էր հանձնաժողով, որի անդամների հանձնարարականով աշխատանքների համակարգումն իրականացնելու է Հայաստանի նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը: "Ակնկալում ենք, որ Արցախի քաղաքացիների հիմնական իրավունքների պաշտպանության ոլորտում գործող անհատները, խմբերը և հաստատությունները կհամագործակցեն համապատասխան լիազորություններ ստացած այս հանձնաժողովի հետ", - ասվում էր հանձնաժողովի հաղորդագրությունում: