Արմինֆո. "Հետք" պարբերականում այսօր լույս է տեսել հոդված, որում խոսվում է Պետական հետաքրքրություններ հիմնադրամի՝ ԱՆԻՖ-ի «Ձեռնարկատեր+պետություն» դուստր ընկերության մասին, որը 2023 թվականին 1,5 մլրդ դրամի ներդրում է արել «Սի Էֆ Դաբլյու» ՓԲԸ-ում։ Այդ ընկերության բաժնետերերը ԱՄՆ Դելավեր նահանգի օֆշորում գրանցված ընկերություններ են։ Փոխարենը՝ "Ձեռնարկատեր + պետություն" դուստր ընկերությունը ստացել է «Սի Էֆ Դաբլյու»-ի բաժնետոմսերի 49%-ը։
Իչնպես գրում է պարբերականը, «Սի Էֆ Դաբլյու» ՓԲԸ-ի տնօրենը այն ժամանակ ԱՆԻՖ-ի ղեկավարի պաշտոնն զբաղեցրած Տիգրան Ավինյանի կնոջ ընկերուհին է։ Ընկերությունը պետության կողմից ներդրումը ստացել է հիմնադրվելուց 8 օր հետո։ Ներկայում «Սի Էֆ Դաբլյու» ՓԲԸ-ում աշխատում է մեկ հոգի՝ ընկերության տնօրենը։ Միջոցները պետք է ուղղվեին կիբեռանվտանգության ոլորտի մասնագետների պատրաստմանը։ Սակայն "Ձեռնարկատեր + պետություն" հիմնադրամին պարբերականի՝ միջոցների նպատակային օգտագործման մասին հարցման ժամանակ այնտեղ նշել են, որ ընկերությունը որեւէ հաշվետվություն չի ներկայացրել։
Այդ հոդվածից հետո Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հայկ Կոստանյանը որոշել է մի քանի հստակեցում կատարել իր Ֆեյսբուքյան էջում: Նա, մասնավորապես, գրել է.
«Հոդվածում նշված «Սի Էֆ Դաբլյու» ընկերության 51%-ի բաժնեմասի սեփականատերը հանրահայտ ամերիկյան Orbis Operations ընկերությունն է։ Ամերիկյան կողմը ձեռք է բերել իր մասնաբաժինը՝ ներդնելով 5.8 միլիոն ԱՄՆ դոլար արժողությամբ տեխնոլոգիա։
2023 թվականի վերջի դրությամբ ընկերությունում աշխատում էին 12 բարձրակարգ մասնագետ, ովքեր անցնում էին մասնագիտական պատրաստություն կիբերանվտանգության ոլորտում՝ կիրառելով նորագույն տեխնոլոգիաներ։
Ընկերությունը հաստատել էր համագործակցություն մի շարք բանկերի, նախարարությունների և պետական այլ կառույցների հետ՝ նրանց կիբերանվտանգությունը բարձրացնելու նպատակով։
Տեղեկությունն այն մասին, թե ընկերությունը հաշվետվություն չի տրամադրել, չի համապատասխանում իրականությանը։
Ինչ վերաբերում է այն հանգամանքին, որ ներկայումս ընկերությունում աշխատում է միայն մեկ անձ, ապա այս հարցի պարզաբանումը պետք է տրամադրեն այն պաշտոնյաները, ովքեր ստանձնեցին այդ պատասխանատվությունը՝ փոփոխություններ կատարելով ԱՆԻՖ-ի հիմնադիր կազմում։
Ինչ վերաբերում է ընկերության տնօրենի անձնական կապերին, նշեմ, որ նա նախկինում աշխատել է «Ֆլայ Արնա» ընկերությունում՝ զբաղեցնելով բարձր պաշտոններ, որի կառավարումը իրականացվում էր արաբական «Էյր Արաբիա» ավիաընկերության գործընկերների կողմից։
Հիշեցնեմ, որ ԱՆԻՖ-ի դուստր ընկերությունը՝ «Ձեռնարկատեր+պետություն» հիմնադրամը, ներդրել է 1 մլրդ 539 մլն 580 հազար դրամ, ձեռք բերելով ընկերության 49% բաժնեմասը։
Միևնույն ժամանակ տեղեկացնում եմ, որ ՀՀ նախկին փոխվարչապետ, ներկայումս Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը, որպես ԱՆԻՖ-ի հոգաբարձուների խորհրդի նախագահ, որևէ կերպ չի միջամտել ԱՆԻՖ-ի և դուստր կազմակերպությունների կադրային քաղաքականությանը կամ նշանակումների գործընթացին»։