Արմինֆո. Վերաքննիչ քրեական դատարանը՝ նախագահությամբ Ա. Նիկողոսյանի, բավարարել է պաշտպանական կողմի բողոքը Ղարիբ Բաբայանին առնչվող վարույթով՝ արձանագրելով հիմնավոր կասկածի բացակայությունը։ Այդ մասին հաղորդել է փաստաբան Աբգար Պողոսյանը։
«Այսպիսով, պարոն Բաբայանի նկատմամբ ընտրված սահմանափակումները կվերանան։ Կեցցե՛, Արդարադատությունը!
Հ.Գ. 1 -Ղարիբ Բաբայանը մեղադրվում էր ՀՀ Քր. Օր-ի 329 հոդվածի 2-րդ մասով նախատեսված արարք կատարելու մեջ։ Ըստ քննչական մարմնի, նա ՀՀ իշխանությունների և ՀՀ ոստիկանության ծառայողների նկատմամբ քաղաքական և այլ հայացքներով, անձնական ու սոցիալական բնույթի այլ հանգամանքներով պայմանավորված ատելություն, խտրականություն, անհանդուրժողականություն և թշնամանք հրահրելու նպատակով տեղեկատվական հաղորդակցական տեխնոլոգիաների օգտագործմամբ կատարել է դրան ուղղված հրապարակային խոսք, ինչպես նաև այդ նպատակով տարածել է նյութ։
Հ.Գ. 2-ադրբեջանցիների պաշտպանությանն ուղղված վարույթը պետք է դառնա անմարսելի», - գրել է Աբգար Պողոսյանը՝ «Ֆեյսբուքի» իր էջում։
Սույն թվականի հունվարի 30-ին ռազմավարական հետազոտությունների անկախ կենտրոնի էջում հրապարակվել էր տեսանյութ, որտեղ, Ղարիբ Բաբայանի ասելով, մի խումբ ադրբեջանցիներ Հանրապետության հրապարակում երգում են "Ղարաբաղը մերն է" երգը: Բաբայանը սա որակել էր որպես խայտառակություն և հարց ուղղել, թե որտեղ է ոստիկանությունը, և ինչու են Հայաստանում շարունակում հանդուրժողականություն դրսեեւորել դավաճան իշխանությունների նկատմամբ: Սա հասարակական լայն արձագանք էր առաջացրել։ Այդ առնչությամբ ԱԱԾ-ը հանդես էր եկել հայտարարությամբ, նշելով, որ Երևանի կենտրոնում ադրբեջաներեն երգող մի խումբ անձինք Իրանի քաղաքացիներ են, ովքեր Հայաստան էին այցելել հունվարի սկզբին: Ավելի ուշ ԱԱԾ-ն ընդդեմ Բաբայանի վարույթ էր ուղարկել ՔԿ՝ իշխանության և ոստիկանության ծառայողների նկատմամբ ատելություն սերմանող հրապարակային արտահայտություն տարածելու համար։ Փետրվարի 2-ին Բաբայանը ձերբակալվել էր նրա դեմ հարուցված քրեական գործի հիման վրա:
Իսկ արդեն փետրվարի 3-ի գիշերը դատարանը մերժել էր Ղարիբ Բաբայանին կալանավորելու Քննչական կոմիտեի միջնորդությունը։ Այն ժամանակ դատարանի շենքի մոտ իրավիճակը լարված էր։ Հարյուրավոր քաղաքացիներ եկել էին դատարան՝ աջակցելու Բաբայանին։ Այն ժամանակ նրա նկատմամբ որպես խափանման միջոց էր ընտրվել վարչական հսկողությունը՝ հրապարակային խոսքի իրավունքի սահմանափակմամբ