Արմինֆո. Հայաստանի իշխանությունները փորձում են Ադրբեջանում պահվող ռազմագերիների և պատանդների հարցը վերածել ներքաղաքական խնդրի ՝ իրենց անգործությունը կոծկելու և դիրքերն ամրապնդելու համար: Այդ մասին հայտարարել է Հայաստանի նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը։
"Այդ խնդիրը վեր է նեղ անձնական շահերից։ Մեր տղաներին հայրենիք վերադարձնելու հարցը պետք է առաջնային լինի։ Հայաստանի իշխանությունները մինչ օրս ոչինչ չեն արել դրա համար։ Վերջին շրջանում մի փոքր ակտիվությունը, Հայաստանի ԱԳՆ հայտարարությունը այդ հարցի վերաբերյալ կամ արտգործնախարարի որոշ ակնարկներ Ժնեւում ունեցած ելույթի ժամանակ բավարար չեն", - համոզված է Օսկանյանը։
Նա կարծում է, որ իշխանությունների այդ քայլերը պատասխան են վերջին շրջանում քաղաքացիների փողոցային բողոքի ակցիաներին։ Դիվանագետը ևս մեկ անգամ ընդգծել է, որ Հայաստանի իշխանությունները ոչ մի ջանք չեն գործադրել Բաքվից հայ գերիներին վերադարձնելու ուղղությամբ: Օսկանյանը բաց թողնված հնարավորություն է համարել այն փաստը, որ Հայաստանը անցած տարվա դեկտեմբերին Մալթայում ԵԱՀԿ տարեկան ժողովի ժամանակ չի բարձրացրել ոչ հայ գերիների, ոչ արցախցիների վերադարձի իրավունքի հարցը:
"Պատկերացրեք, Հայաստանի արտգործնախարարը ելույթ է ունենում մի կազմակերպությունում, որը ստեղծել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման Մինսկի խումբը։ Միջոցառմանը մասնակցում են 56 նախարարներ, և հայկական կողմը հարց չի բարձրացնում, թե՝ արդյոք ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների ներկայացուցիչներն Արցախում երկարամյա բանակցային գործընթացի ընթացքում հանդիպել են հանցագործների, ահաբեկիչների՝ ինչպես ներկայացնում է Ադրբեջանը", - նշել է դդիվանագետը, հիշեցնելով, որ համանախագահները բազմիցս հանդիպել են և Բաքվում պահվող Բակո Սահակյանի, Դավիթ Բաբայանի և Արցախի այլ ներկայացուցիչների հետ:
"Բակո Սահակյանը Բաքվի դատարանում, ճնշումների և կտտանքների ներքո, հայտարարում է, որ դա ինքնորոշման համար պայքարի մեր իրավունքն է, և բոլոր գործընթացներն օրինական են եղել։ Եվ հենց այդ հարթությունում պետք է դիտարկել այդ հարցը։ Բակո Սահակյանը և մյուսները, Բաքվի դատարանում ավելի ազատ ու անկախ են, քան դուք ձեր ողջ իշխանությամբ այս արևի տակ՝ ձեր դիվանագիտական իմունիտետի հետ միասին: Դուք անկախ չեք և վախկոտ եք, ի վիճակի չեք պատշաճ ատյաններում բարձրացնել այդ հարցը: Դուք վախեցած եք, քանի որ գիտեք, որ այն ամենը, ինչ տեղի է ունենում, ձեր սխալների եւ ձախողումների արդյունք է", - ընդգծել է Օսկանյանը։
Դիվանագետը ևս մեկ անգամ ընդգծել է, որ հայ տղաներին հայրենիք վերադարձնելու բանալին գտնվում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ձեռքում և նշել Ադրբեջանի հետ շփումները դադարեցնելու հրամայականը, քանի դեռ նրանք բոլորն ազատ չեն արձակվել: Նրա խոսքով՝ Ադրբեջանը հայ գերիներին օգտագործում է քաղաքական սակարկության, Հայաստանի իշխանությունների նկատմամբ ճնշում գործադրելու համար: Վերջում նա կոչ է արել շարունակել պայքարը Բաքվից հայ գերիների ազատ արձակման համար։