Արմինֆո. Հայաստանը ոչ մի տարրական քայլ չի արել Ադրբեջանում հայ պատանդների շահերը պաշտպանելու համար։ Այդ մասին հայտարարել է Ռուբեն Վարդանյանի միջազգային փաստաբան Ջարեդ Գենսերը։
Փաստաբանը Twitter-ի (X) իր միկրոբլոգում գրել է, որ լիովին կիսում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն կարծիքը, որ նա պետք է "համաչափ" և "ողջամիտ" ջանքեր գործադրի Ռուբեն Վարդանյանին և Ադրբեջանի կողմից ձերբակալված մյուս հայ քրիստոնյա քաղբանտարկյալներին ու ռազմագերիներին ազատ արձակելու համար:
Այնուհետև Գենսերը հիշեցրել է, որ ինքը օրեր առաջ թվարկել էր գործողությունների մի քանի կետ, որոնք պետք է ձեռնարկեին Հայաստանի իշխանությունները իրենց քաղաքացիներին պաշտպանելու համար։ Փաստաբանը հավելել է, որ այդ ցուցակի բոլոր կետերը վերցված են բացառապես այն օրինակներից, թե ինչ և ինչպես են այլ կառավարություններ արել օտարերկրյա պատանդներին ազատելու իր 25 տարվա անձնական փորձի ընթացքում:
"Իհարկե, հայ պատանդներն արժանի են, առնվազն, նույնպիսի օգնության, ինչ տրամադրում են մյուս կառավարությունները, այնպես չէ՞։ Օրինակ, երբ ես ներկայացնում էի Իրանում երկու ամերիկացի պատանդների՝ Սիանամազին և նրա հորը, ԱՄՆ-ն ուներ պատանդների գործերի պետական ներկայացուցիչ, որն աշխատում էր այդ գործի վրա: Սպիտակ տունը և Պետդեպարտամենտը պարբերաբար հանդիպում էին իմ հաճախորդների ընտանիքի հետ: Ամերիկյան կողմն Իրանում Շվեյցարիայի դեսպանատանն ուներ ԱՄՆ շահերի բաժին, որը հանդես էր գալիս բանտերում պահման պայմանների բարելավման օգտին եւ փորձում էր վերահսկել դատական գործընթացները, նախագահն ու պետքարտուղարը հրապարակային ելույթներ էին ունենում, ամերիկացի դիվանագետները ելույթ էին ունենում ՄԱԿ-ում եւ իրենց դաշնակիցների հետ, օգնություն խնդրելով, ԱՄՆ-ն աջակցություն էր խնդրել համաշխարհային կրոնական առաջնորդներից, եւ ԱՄՆ-ն պատժամիջոցներ էր սահմանել պատանդներ վերցնելու համար պատասխանատու իրանցի պաշտոնյաների նկատմամբ», - նշել է փաստաբանը:
Գենսերն ընդգծել է, որ այդ ամենը խելամիտ և համաչափ էր Միացյալ Նահանգների կողմից: "Սակայն, ի զարմանս ինձ, որքան ես կարող եմ դատել, Հայաստանն այդ տարրական բաներից ոչ մեկը չի արել Ադրբեջանում հայ պատանդների համար։
Ուստի ես հարց եմ տալիս վարչապետ Նիկոլ Փաշինյանին. «Դուք համաձա՞յն եք, որ նման գործողությունները ողջամիտ և համաչափ են, թե՞ իսկապես պնդում եք, որ այն ջանքերը, որոնք նախագահ Դոնալդ Թրամփը ձեռնարկում է ամերիկացի պատանդներին ազատ արձակելու համար, ինչպիսիք են Մարկ Ֆոգելը և Ամսիթսը՝ Բելառուսից և Վենեսուելայից, անխոհեմ և անհամաչափ էին»,- հարցրել է Ռուբեն Վարդանյանի պաշտպանը։