Արմինֆո.Հայաստանում նախադպրոցական կրթության համակարգում կսկսի կիրառվել միասնական չափորոշիչ։ ՀՀ Ազգային ժողովը մարտի 5-ի լիագումար նիստում երկրորդ և վերջնական ընթերցմամբ փոփոխություններ է կատարել "Նախադպրոցական կրթության մասին" օրենքում:
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արաքսյա Սվաճյանի խոսքով՝ մինչեւ երկրորդ ընթերցում փաստաթղթում տեխնիկական բնույթի որոշ փոփոխություններ են կատարվել, բովանդակային առումով օրինագիծը մնացել է անփոփոխ: Փոխնախարարը նշել է, որ վերջին տարիներին աշխատանքներ են տարվում նախադպրոցական կրթության չափորոշչի ներդրման ուղղությամբ: Այս պահի դրությամբ այն արդեն ներդրվել է 530 մանկապարտեզներում։ Նշված չափորոշիչի շրջանակներում արդեն հասունացել է որոշ դրույթների ընդունման անհրաժեշտությունը, ինչի կապակցությամբ էլ առաջարկվում են օրենքում փոփոխություններ։
Մասնավորապես, ինչպես ընդգծել է Սվաջյանը, փաստաթղթում առաջարկվում է ներդնել "դաստիարակ-մանկապարտեզ" հասկացությունը, ինչը թույլ կտա դաստիարակչական ուսումնական հաստատություններին եւ այդ հաստատություններում աշխատող դաստիարակներին ուսուցումն անցկացնել նաեւ այն մանկապարտեզներում, որտեղ կներդրվի նախադպրոցական կրթության չափորոշիչը: Ի դեպ, ինչպես նշել է փոխնախարարը, 2024-25 ուսումնական տարում շահագործման հանձնված մանկապարտեզները 23-ն են։ Տարվա ընթացքում մանկապարտեզների 350 դաստիարակներ վերապատրաստվել են և պատրաստվել չափորոշիչի ներդրմանը:
Մեկ այլ փոփոխություն վերաբերում է լիցենզավորման ոլորտին։ Ըստ օրինագծի ՝ մինչև 2024 թվականը նախադպրոցական կրթություն իրականացնող բոլոր կազմակերպությունները, այդ թվում ՝ մասնավոր, պետք է լիցենզիա ստանային, և դրա շրջանակներում շուրջ 150 նախադպրոցական ուսումնական հաստատություն լիցենզիա է ստացել, որոնցից 87-ը՝ միայն 2024 թվականին: Առաջարկվող փոփոխությամբ նախատեսվում է, որ լիցենզիա կարող է ստանալ իրավաբանական անձի կարգավիճակ ունեցող կազմակերպությունը: Հստակեցվում են նաև "այլընտրանքային նախադպրոցական ծառայություն" և "նախադպրոցական ծառայություն" հասկացությունները:
Առաջարկվող հաջորդ փոփոխությունները վերաբերում են մանկապարտեզներում (հատկապես մարզերում) մանկավարժական կադրերի պակասի լրացմանը, դայակների վերապատրաստմանը, տրանսպորտային ծախսերի փոխհատուցմանը:
Եվս մեկ առաջարկ վերաբերում է մանկապարտեզների վարիչների պահանջին։ Ըստ գործող կանոնակարգի ՝ նրանք պետք է ունենան մանկավարժական փորձ։ Առաջարկվում է սահմանել մանկավարժական կամ գիտամանկավարժական ստաժի պահանջ:
Ա.Սվաճյանի խոսքով՝ այսօր նախադպրոցական կրթություն է ստանում շուրջ 82 760 երեխա, և այդ թիվը տարեցտարի աճում է: