Արմինֆո. Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման մանդատով օժտված ԵԱՀԿ Մինսկի խումբը դե-ֆակտո չի աշխատում։ Այդ մասին հայտարարել է Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը՝ 24News-ի հետ հարցազրույցում։
Նա հիշեցրել է, որ ԵԱՀԿ ՄԽ արևմտյան համանախագահները հրաժարվել են աշխատել ռուսականի հետ՝ նրան փաստի առաջ կանգնեցնելով։
"Հիմա իրավիճակը, իհարկե, փոխվել է։ Բայց դժվար է պատկերացնել, թե ինչ ձևաչափով կաշխատի ԵԱՀԿ ՄԽ-ը, երբ համանախագահներից մեկը, փաստորեն, ռուսատյաց դիրք է զբաղեցնում, երկրորդը գերագնահատում է իր դիրքը ՌԴ-ի նկատմամբ։ Բացի այդ, որպեսզի ԵԱՀԿ ՄԽ-ն աշխատի, պետք է լինի բոլոր կողմերի համաձայնությունը։ Անմիջականորեն ներգրավված երկրները պետք է պայմանավորվեն դրա շուրջ ", - ասել է ռուս դիվանագետը։
Միեւնույն ժամանակ, նա ընդգծել է, թե կարեւոր է, որ տարածաշրջանի գործերով զբաղվեն հենց տարածաշրջանային երկրները, եւ բացառվի երրորդ ուժերի միջամտությունը դրսից, որպեսզի կանխվի Հարավային Կովկասում ընթացող գործընթացների խեղաթյուրումը:
Նշենք, որ ավելի վաղ Ադրբեջանն սկսել էր ձգտել ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարմանը, որը միակ միջազգային ձևաչափն է, որն ունի Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման մանդատ: Հայաստանի վարչապետը նշել է, որ դեմ չէ այդ քայլին, եթե Ադրբեջանը չի ձգտում օգտագործել ԵԱՀԿ ՄԽ-ի վերացումը Հայաստանի Հանրապետության դեմ հետագա ագրեսիայի համար:
Անկախ փորձագետները դեմ են ԵԱՀԿ ՄԽ-ի փակմանը, համարելով, որ դա անշրջելի կդարձնի Ադրբեջանի կողմից Արցախի օկուպացման գործընթացը: