Արմինֆո.Ադրբեջանում ապօրինի դատաքննության ընթացքում հայ ռազմագերիներից ստացված ցուցմունքներն իրավական ուժ չունեն, քանի որ դրանք ստացվել են խոշտանգումների ներքո: Այդ մասին հայտարարել է Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը՝ Բաքվում պահվող հայ ռազմագերիների և քաղաքացիական անձանց շուրջ ստեղծված տագնապալի իրավիճակի կապակցությամբ ՀՀ ԱԳՆ և Շվեյցարիայի դեսպանատան առջև կազմակերպված բողոքի ակցիայի ժամանակ։
Հայաստանի շուրջ 40 հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ հավաքվել էին վերը նշված հաստատությունների շենքերի մոտ եւ նամակներ փոխանցել ԱԳ նախարար Արարատ Միրզոյանին եւ Շվեյցարիայի նախագահ Կարին Քելլեր-Զուտերին:
Միրզոյանին ուղղված նամակում նրանք կոչ են արել օգտագործել երրորդ երկրների միջոցով հյուպատոսական հասանելիության մեխանիզմները Բաքվում հայ գերիների իրավունքների ապահովման համար: Մասնավորապես, դիմել չեզոք կողմի, ինչպիսին Շվեյցարիան է, Ռուբեն Վարդանյանին հյուպատոսական ծառայություններ և անհետաձգելի բժշկական օգնություն տրամադրելու խնդրանքով: Իսկ Շվեյցարիայի նախագահին խնդրել են ապահովել հյուպատոսական ծառայությունների տրամադրումը հայ գերիներին։