Արմինֆո. ԴՕԿ կուսակցության հիմնադիր նախագահ Վարդան Ղուկասյանը ԱՄՆ մաքսային և միգրացիոն ծառայության աշխատակիցների կողմից ձերբակալվել է և կալանքի տակ է գտնվում Նևադա նահանգի Լաս Վեգաս քաղաքում. նրան սպառնում է արտաքսում։ Այդ մասին հաղորդել է ԱՄՆ մաքսային և միգրացիայի վարչության Հյուսիս-արևմտյան տարածաշրջանի հաղորդակցության տնօրեն Ալաթեա Սմոքը՝ «Արմենպրես»-ի հարցմանն ի պատասխան։
Ըստ ԱՄՆ մաքսային և միգրացիայի ծառայության, միգրացիոն կանոնները խախտելու մեջ մեղադրվող օտարերկրացիները օգտվում են մի շարք ընթացակարգային երաշխիքներից, այդ թվում՝ փաստաբանի օգնության իրավունքից, արտաքսման մեղադրանքները վիճարկելու, ապացույցներ ներկայացնելու կամ ուսումնասիրելու հնարավորությունից։ «Չնայած կառավարությունը փաստաբան չի տրամադրում՝ ձերբակալված անձինք կարող են օգտվել Արդարադատության նախարարության տրամադրած իրավաբանական ծառայությունների ցանկից և Ամերիկյան իրավաբանների ասոցիացիայի իրավական ծրագրերից։ Միգրացիայի հարցերով դաշնային դատավորները, որոնք գործում են Արդարադատության նախարարության Ներգաղթի վերահսկման գործադիր գրասենյակի (EOIR) շրջանակներում, վարում են դատական գործընթացները՝ ապահովելով իրավական պատշաճ ընթացակարգը։ ICE-ի աշխատակիցները, իրենց հերթին, իրականացնում են միգրացիայի դաշնային դատավորների կողմից ընդունված արտաքսման որոշումները։ Կալանավայրերում տրամադրվում է շաբաթական առնվազն հինգ ժամ հասանելիություն իրավաբանական գրադարանին, ինչպես նաև ամենօրյա հանդիպումներ փաստաբանների հետ՝ սահմանված ժամանակացույցով։ Ձերբակալված անձինք նաև կարող են օգտվել անվճար տեսազանգից կամ վճարովի զանգեր կատարել հատուկ հարթակների միջոցով։ Միգրացիայի կանոնների խախտումների դեպքում ԱՄՆ օրենսդրությունը նախատեսում է վարչական և դատական կարգով հարցի լուծում, իսկ որոշ դեպքերում՝ արտաքսման ընթացակարգ»,- ասված է պատասխանում։
Հիշեցնենք, որ ավելի վաղ Վարդան Ղուկասյանի "ԴՕԼ" կուսակցությունը հերքել էր պնդումները, թե նա ձերբակալվել է հայկական կողմի պահանջով, և կոչ արել սպասել ստեղծված իրավիճակի վերաբերյալ պաշտոնական հայտարարությանը:
Հավելենք, որ ԶԼՄ-ներում տեղեկություն էր հայտնվել այն մասին, որ Վարդան Ղուկասյանը ձերբակալվել է ամերիկյան ոստիկանության կողմից ՝ հայ իրավապահների պահանջով: Հայաստանի ներքին գործերի նախարարությունը չի մեկնաբանել այդ հաղորդագրությունները: Բացի այդ, տեղեկություններ են հայտնվել, որ Ղուկասյանը, ով բնակվում է ԱՄՆ-ում, հոսպիտալացվել է ծանր վիճակում ՝ սրտի խնդիրներով ։