
Արմինֆո. «Առաջին հայկական ճակատ» (FAF) ֆան շարժում տեղեկացրել է, որ ՀՊԼ «Փյունիկ» - «Արարարտ-Արմենիա» հանդիպման ժամանակ նախապես հայտարարված և խաղաղ՝ ՀՖՖ ղեկավարության հրաժարականի պահանջով ակցիայի ժամանակ ՀՀ ոստիկանության բռնի և ոչ համաչափ ուժի կիրառման արդյունքում ձերբակալվել են հայկական ֆուտբոլի 9 նվիրյալ երկրպագուներ։
«Հարկ ենք համարում նշել, որ ակցիայի մասնակիցները ոստիկանության հետ բանակցության ժամանակ ներկայացրել են պատրաստակամություն լքել խաղադաշտը և հանդիպել ՀՖՖ ղեկավար անձնակազմից որևիցե մեկի հետ, ինչը կտրականապես մերժվել է ՀՖՖ ներկայացուցչի կողմից, որից հետո սկսվել է անհարկի ուժի կիրառումը։
Եվս մեկ անգամ տեղեկացնում ենք, որ ակցիաները կրում են բացառապես խաղաղ և ֆուտբոլային բնույթ։
Կոչ ենք անում անհապաղ ազատ արձակել անհարկի ձերբակալվածներին։
Ֆուտբոլը երկրպագուներինն է, մեր կամքը անկոտրում է: Հրաժարականն անխուսափելի է», - ասվում է շարժման ֆեյսբուքյան էջում զետեղված հայտարարությունում։
Տեղի ունեցածի առնչությամբ ԱԺ ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանն այցելել է Երեւան քաղաքի ՁՊՎ, որտեղ պահվում են ձերբակալվածները:
«Սրանց իշխանությունը վախենում է ցանկացած բողոքից, հրաժարականի պահանջից (իսկ տղաները պահանջում են ՀՖՖ նախագահի հրաժարականը)։ Հանդիպեցի բոլորին, ովքեր այդ պահին մեկուսարանում էին (մի մասը Շենգավիթի քննչականում հարցաքննության էր)։ Համոզված էին իրենք քայլերում, գիտեին, որ ճիշտ են իրենց գործողություններում։ Ամեն մեկը իր գործում կայացած մասնագետ։ «Ժողովրդավարության բաստիոնի» նոր խայտառակությունն է սա», - գրել է ընդդիմադիրը։
Նախորդ օրը ՀՖՖ տարածել էր պաշտոնական հայտարարություն, որում ասվում է. «ՈՒԵՖԱ Ազգերի Լիգայի Հայաստան - Ֆարերյան կղզիներ հանդիպման ընթացքում երկրպագուների որոշ խմբերի պահվածքի հետևանքով Հայաստանում ՈՒԵՖԱ-ի միջազգային բարձր չափանիշներին համապատասխանող միակ մարզադաշտը՝ Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտը, գտնվում է ՈՒԵՖԱ-ի հատուկ մոնիթորինգի տակ:
ՈՒԵՖԱ-ի եզրակացության համաձայն՝ նմանատիպ միջադեպի կրկնվելու դեպքում «Հանրապետական» մարզադաշտը կարող է որակազրկվել, ինչը նշանակում է, որ Հայաստանի ազգային հավաքականը և հայկական ակումբները չեն կարող հանդես գալ այս մարզադաշտում և ամենակարևորը՝ այդ ամենը խիստ բացասական ազդեցություն կունենա Աշխարհի մինչև 20 տարեկանների 2029 թ. առաջնությունը Հայաստանում (Վրաստանի հետ համատեղ) անցկացնելու հնարավորության վրա:
Մենք դատապարտում ենք երկրպագուների խմբերի նման վարքագիծը՝ դրա մեջ տեսնելով հայկական ֆուտբոլին վնաս հացնելու միտում: Կոչ ենք անում զերծ մնալ նման վարքագծի դրսևորումից՝ հանդիպումների ընթացքում զբաղվելով բացառապես մեր թիմերին երկրպագելով»:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Հյուսիսային Մակեդոնիայի թիմից ազգային հավաքականի պարտությունից անմիջապես հետո պաշտոնանկ էր արվել թիմի գլխավոր մարզիչ Ալեքսանդր Պետրակովը, սակայն երկրպագուները սկսել էին պահանջել ՀՖՖ նախագահի հրաժարականը, դժգոհելով ոչ միայն տարբեր տարիքային խմբերի ֆուտբոլային թիմերի անբավարար արդյունքներից, այլև ֆեդերացիայի գործունեությունից՝ ընդհանուր առմամբ: Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի ղեկավարությունը, սակայն, դիմումին պատասխանել էր հրաժարականի պահանջի մերժմամբ: