Արմինֆո. Հեղափոխական մոլագարները, որպես կանոն, խեղված պատկերացումներ են ունենում դաշնակցային հարաբերությունների մասին: Նման համոզմունք է հայտնել քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը:
«Իրատեսական ծրագրերը մեզ այլեւս հետաքրքիր չեն։ Այն, ինչ հնարավոր է իրականացնել, մեզ այլեւս հետաքրքիր չէ։ Մեզ հետաքրքիր է այն, ինչի իրականացումը բոլորը համարում են անհնար, որովհետեւ հայ ժողովուրդն անհնարինն իրականացնող ժողովուրդ է»: Նիկոլ Փաշինյան՝ 05.08.2019, Ստեփանակերտ: Այս խոսքերի հեղինակը՝ իր պատրանքներով ու արկածախնդրությամբ, ինչ աղետ բերեց Հայաստանի և հայ ժողովրդի գլխին՝ բոլորիս է հայտնի. փաստերի պակաս չկա:
Զելենսկին նույն արկածախնդիր կուրսի մեջ էր և է: Այն, ինչին մի քանի օր առաջ ականատես եղանք Սպիտակ տանը՝ ասվածի լավագույն ապացույցն է:
Փաշինյանը, Զելենսկին առաջնորդվում են ոչ թե ռեալպոլիտիկով, այլ պատրանքներով: Հաճախ, շատ հաճախ նրանք անգամ չեն լսում, չեն հասկանում, թե իրենց ինչ են ասում դաշնակիցները, «խոշոր» խաղացողները, որովհետև «իրատեսական ծրագրերը իրենց այլևս հետաքրքիր չեն»:
Փաշինյանին թվում էր՝ ինքը «Սերժ մերժած տղա» է ու հեսա- հեսա ծնկի կբերի ավտորիտար Ալիևին ու կստվերի Տիգրան Մեծի փառքը: Սա այն դեպքում, երբ մեր ռազմավարական դաշնակից Ռուսաստանի օրակարգում նման սցենար գոյություն չուներ:
Զելենսկին կարծում էր, թե կարող է միջուկային պետությանը «ձեռնոց նետել»՝ ապավինելով մեկ այլ միջուկային երկրի աջակցությունը: Սա այն դեպքում, երբ Արևմուտքում և մասնավորապես՝ ԱՄՆ-ում, վերջին տարիներին խորքային փոփոխություններ էին հասունանում և գրեթե ակնհայտ էր, որ ԱՄՆ նախագահական ընտրություններն, ըստ էության, ավարտվելու էին պահպանողական հեղափոխությամբ:
Հեղափոխական մոլագարները, որպես կանոն, խեղված պատկերացումներ են ունենում դաշնակցային հարաբերությունների մասին ու այդ պատճառով է, որ Փաշինյանը սեփական ձախողումների մեղավոր է կարգում Ռուսաստանին, Զելենսկին՝ ԱՄՆ-ին:
Ի դեպ, Մոսկվայում Փաշինյանին շատ ավելի դիվանագիտական լեզվով են բացատրում նրա «մարտնչող տգիտության» հետևանքները, Վաշինգտոնում որոշեցին Զելենսկուն մինչև վերջ նվաստացնել:
Իհարկե, միջազգային հարաբերություններում նվաստացման էդ տեսարաններն ինձ դուր չեն գալիս, բայց դա հետևանք է նրա, որ «իրատեսական ծրագրերը մեզ այլևս հետաքրքիր չեն» տոնով Փաշինյանը կամ Զելենսկին փորձում են շանտաժ անել իրենց ազդեցիկ դաշնակիցներին՝ չունենալով ավելի լուրջ դաշնակիցներ ունենալու նույնիսկ տեսական հնարավորություններ:
Ուկրաինան վերածվել է ավերակների, մենք անվերադարձ կորցրել ենք Արցախը՝ թշնամական երախի առաջ անպաշտպան թողնելով Հայաստանը:
Եթե նույնիսկ այս իրավիճակում Հայաստանի ժողովուրդը հանդուրժում է Փաշինյանին, ուկրաինացիները՝ Զելենսկիին, դրանում հաստատ Թրամփը կամ Պուտինը մեղք չունեն», - գրել է քաղաքագետը՝ Facebook-ի իր էջում:
Հիշեցնենք, որ փետրվարի 28-ին Վաշինգտոնում տեղի է ունեցել ԱՄՆ-ի և Ուկրաինայի նախագահների հանդիպումը, որն իսկական վեճի է վերածվել։ Արդյունքում՝ Դոնալդ Թրամփն Ուկրաինայի առաջնորդին ուղղակիորեն առաջարկել է լքել Սպիտակ տունը։