Արմինֆո. Երևանի քաղաքապետարանը մարտի 1-ին և 2-ին բոլոր մեծերին և փոքրերին հրավիրում է Շառլ Ազնավուրի անվան հրապարակ՝ «Երևանը կարդում է» գրական-երաժշտական միջոցառմանը։
Քաղաքապետարանի հաղորդագրության համաձայն, մարտի 1-ից հրապարակում կգործի գրքերի տոնավաճառ, իսկ մարտի 2-ին տոնավաճառին զուգահեռաբար կկայանա համերգ, որտեղ ելույթ կունենան հայտնի և սիրված խմբերը. Սոնա Գյուլխասյան - Ռաֆայել Պետրոսյան «Ջազ քնեքշն», «Լավ էլի», «Նեմրա»:
Միջոցառման ընթացքում կկազմակերպվեն պանելային քննարկումներ, կգործի նաև ընթերցանության անկյուն, որտեղ ժամանակակից և դասական հեղինակների ստեղծագործություններ կկարդան հայտնի և տաղանդավոր դերասաններ և արտիստներ։ Փոքրիկների համար կգործեն խամաճիկների շարժական թատրոնը, հեքիաթների ընթերցանության անկյունը, կկազմակերպվեն վարպետաց դասեր և ինտերակտիվ խաղեր։
Առանձին տաղավարներում ներկայացված են լինելու բազմաթիվ հրատարակչություններ, որոնց գրքերը կառաջարկվեն մինչև 30% զեղչով: