Արմինֆո. Վարչապետ Նիկոլ Փաշինյանը և ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը ծաղիկներ են խոնարհել Երևանի Գրիգոր Լուսավորիչ փողոցին հարակից այգում կանգնեցված «Ազդեցություն և հակազդեցություն» հուշարձանին՝ հարգանքի տուրք մատուցելով 2008 թ. մարտի 1-ի զոհերի հիշատակին: Այդ մասին հաղորդում է կառավարության մամուլի ծառայությունը:
Հիշեցնենք, որ 2008 թվականի փետրվարի 19-ին տեղի ունեցած հերթական նախագահական ընտրություններից հետո, որոնց արդյունքում հաղթել էր Սերժ Սարգսյանը, ընդդիմությունը՝ առաջին նախագահ Լեւոն Տեր - Պետրոսյանի գլխավորությամբ, որը նույնպես առաջադրվել էր ընտրություններում, փետրվարի 20-ից Երեւանի կենտրոնում հանրահավաքներ էր անցկացնում ՝ դժգոհություն հայտնելով քվեարկության արդյունքներից: Բողոքի ակցիաները մարտի 1-2-ին վերածվել էին անկարգությունների եւ ցուցարարների ու իրավապահների միջեւ բախումների, որոնց հետեւանքով զոհվել է 10 մարդ, այդ թվում ՝ ոստիկաններ, ավելի քան 200 մարդ տարբեր աստիճանի վնասվածքներ էին ստացել:
2018 թվականի օգոստոսի 17-ին Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ 2008 թվականի մարտի 1-2-ի դեպքերի գործն ամբողջությամբ բացահայտված է: "Մեկ անգամ ևս կրկնեմ և ամենայն պատասխանատվությամբ ասեմ. չկա տարբերակ, որ հանցագործներից որևէ մեկը, նրանց պարագլուխները կարողանան խուսափել պատասխանատվությունից։ Նման տարբերակ չկա", - ընդգծել էր նա։
Նշենք, սակայն, որ մինչ օրս պատասխանատուներից ոչ մեկը համապատասխան պատիժ չի կրել այդ հանցագործության համար։