Արմինֆո. 2025 թվականի մարտին օդի ամսական միջին ջերմաստիճանը կանխատեսվում է նորմայից բարձր 1-2 աստիճանով , տեղումների քանակը՝ նորմային մոտ։ Այդ մասին հաղորդել է ՀՀ շրջակա միջավայրի նախարարության Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը։
«Մեզ սպասվում է մի փոքր տաք և բավարար տեղումներով մարտ։ Բայց ամեն դեպքում առանձին օրերին հաստատ գժություն կանի, չմոռանանք, ժողովուրդը նրան կոչում է գիժ մարտ», - գրել է օդերեւութաբանը՝ Facebook-ի իր էջում:
Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի հաղորդագրության համաձայն, Երևանում մարտի 1-ի գիշերը, 2-3-ին, 4-ի ցերեկը, 5-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մարտի 1-ի և 3-ի երեկոյան, 4-ի գիշերը սպասվում է թույլ ձյուն։
Մարզերում մարտի 2-ի ցերեկը, 3-ի գիշերը, մարտի 5-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մարտի 1-ին, 2-ի գիշերը, 3-ի երեկոյան, 4-ի գիշերն առանձին շրջաններում սպասվում է ձյուն: Քամին հարավարևմտյան 2-5մ/վ, մարտի 3-ին՝ 14-18մ/վ արագությամբ, լեռնային շրջաններում՝ բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։
Օդի ջերմաստիճանը մարտի 1-ի ցերեկը կնվազի 2-3, Լոռիում, Տավուշում, Սյունիքում՝ 4-6 աստիճանով, այնուհետև ողջ հանրապետությունում ցերեկային ժամերին աստիճանաբար կբարձրանա 4-6 աստիճանով ։