Արմինֆո. Քաղաքագետ Անդրանիկ Հովհաննիսյանը, ում հայաստանյան իշխանություններն արգելել էին մուտք գործել երկիր մոտ 6 տարի առաջ, Մարդու իրավունքների եվրոպական դատարան (ՄԻԵԴ) հայց է ներկայացրել ընդդեմ Հայաստանի կառավարության:
"Իմ գործողություններում ես միշտ հետևողական եմ և բառեր չեմ նետում քամուն։ Այսպես, իմ մուտքը Հայաստան ապօրինի արգելելու գործով արդարությունը վերականգնելու նպատակով Հայաստանի դատական ատյաններում դեռևս 2024 թվականի օգոստոսին ես հրապարակավ հայտարարել էի, որ եթե ինձ չհաջողվի արդարության հասնել Երևանում, և եթե ԱԱԾ-ը չշտկի թույլ տրված իրավական կամայականությունները, ապա ես ստիպված կլինեմ դիմել Մարդու իրավունքների եվրոպական դատարան (ՄԻԵԴ) ՝ Հայաստանի կառավարության դեմ հայցով։
Անցել է գրեթե կես տարի, և ես ձեռքիս ունեմ Հայաստանի դատական ատյանների որոշումները, որտեղ նշված է, որ իմ դեմ քրեական կամ վարչական գործեր չեն հարուցվել, ինչպես նաև բացակայում է իմ մուտքը Հայաստան արգելելու մասին դատարանի որոշումը։ Հետաքրքիր է, այնպես չէ՞: Բացի այդ, 2024 թվականի հոկտեմբերին հրավեր եմ ստացել ՀՀ կառավարության Սփյուռքի գործերի աշխատակազմից՝ մասնակցելու Երևանում կայանալիք կրթական ծրագրին։
Ինչպե՞ս հասկանալ դա: Գուցե գործը փորձում են կոծկե՞լ, որ ես ՄԻԵԴ չդիմեմ ։ Սակայն ես բավարարված չեմ դատարանի որոշմամբ և մտադիր չեմ համակերպվել ստեղծված իրավիճակի հետ կամ որևէ փոխզիջման գնալ Փաշինյանի ռեժիմի հետ։ Պաշտոնապես հայտարարում եմ, որ ես արդեն հայց եմ ներկայացրել ՄԻԵԴ", - ասված է սոցիալական ցանցերում հրապարակված Հովհաննիսյանի հայտարարությունում։
Նշենք, որ Հովհաննիսյանի մուտքը Հայաստան մերժել էին դեռևս 2019 թվականի նոյեմբերին։ Այդ ժամանակվանից ի վեր քաղաքագետը պայքարում է իր խախտված իրավունքները վերականգնելու համար ։ Ինչպես ԱրմԻնֆո-ին պատմել է ինքը' Հովհաննիսյանը, այդ ժամանակից ի վեր նա դիմել է, նախ, պետական մարմիններին, իրավապաշտպան կազմակերպություններին, ապա' հասարակական և քաղաքական անձանց, որպեսզի նպաստեն խնդրի լուծմանը: "Սակայն ոչ ոք չկարողացավ օգնել։ Խնդրանքների մեծ մասն անպատասխան է մնացել, քանի որ շատերը վախենում էին իշխանությունների կողմից հետապնդումներից եւ չէին ցանկանում նրանց հետ կոնֆլիկտի մեջ մտնել", - պարզաբանել է Հովհաննիսյանը, հավելելով, որ 2025 թվականի փետրվարին հայց է ներկայացրել ՄԻԵԴ՝ Հայաստանի իշխանությունների դեմ երկիր իր մուտքն ապօրինի արգելելու համար՝ ելնելով Հայաստանի դատարանի վճռից։