Արմինֆո.Մինչ օրս Անկախ Հայաստանը որևէ քայլ չի ձեռնարկել կառավարության կամ խորհրդարանի մակարդակով, որը վերաբերում է 1988 թվականից մինչև 2023 թվականը Ադրբեջանի գործողությունները որպես մարդկության դեմ հանցագործություն ճանաչելուն: Այդ մասին փետրվարի 28-ին հայտարարել է Հայաստանի առաջին օմբուդսմեն, իրավապաշտպան Լարիսա Ալավերդյանը՝ Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրում, որտեղ այսօր հիշատակի միջոցառումներ են անցկացվում Սումգայիթում հայերի ջարդերի 37-րդ տարելիցի կապակցությամբ:
Հիշեցնենք, որ համալիրի տարածքում տեղադրվել են խաչքարեր ՝ ի հիշատակ նաաաախորդ դարի վերջին Ադրբեջանում հայերի ջարդերի անմեղ զոհերի։
"Որպես արցախյան արմատներով Հայաստանի քաղաքացի, որը ծնվել է Բաքվում, ինձ հայտնի են այն նպատակները, որոնցով առաջնորդվել են Խորհրդային Ադրբեջանը և այդ երկրի ներկայիս ղեկավարությունը։ 37 տարի առաջ կատարված բարբարոսությունը մինչ օրս ցավ է պատճառում անմեղ զոհերի ընտանիքներին", - հայտարարել է իրավապաշտպանը, նշելով, որ Հայաստանում մինչ օրս չեն ընդունվել այնպիսի նորմեր, որոնք թույլ տան ջարդերից տուժածներին որևէ կարգավիճակ ստանալ։
Միաժամանակ, Ալավերդյանը դատապարտել է Հայաստանի արտգործնախարարության հայտարարությունը Սումգայիթի ջարդերի 37-րդ տարելիցի կապակցությամբ: Իրավապաշտպանի խոսքով ՝ նման "անատամ" հայտարարություններ հնչում են Հայաստանում իշխանության բացակայության պատճառով, որը կգործեր ի շահ երկրի և նրա ժողովրդի:
"Ես դատապարտում եմ Հայաստանի ԱԳՆ հայտարարությունը, հատկապես, առաջարկը՝ ոչ միայն հիշելու, այլև հաշտեցման ուղիներ փնտրելու անհրաժեշտության մասին։ Այս իշխանությունները սպասարկում են թուրք-ադրբեջանական ցեղասպան քաղաքականությունն ընդդեմ հայերի", - նշել է իրավապաշտպանը, հայտարարելով, որ այսօր իրենք պայքարում են ոչ միայն տեղի ունեցածի հիշողությունը պահպանելու, այլև այդ վայրագություններից տուժածների իրավունքները վերականգնելու համար։
Հիշեցնենք, որ փետրվարի 26-ից Սումգայիթում սկսվել էին հակահայկական ցույցեր, որտեղ հնչում էին "Մահ հայերին" և "Հայեր հեռացեք" կարգախոսները: Փետրվարի 27-ի երեկոյան բռնի գործողություններ էին սկսվել քաղաքի հայ բնակչության դեմ։ Ջարդարարների հատուկ խմբերը ներխուժել էին հայերի տներ՝ նախապես կազմված ցուցակով։ Փետրվարի 28-ի երեկոյան Սումգայիթ էին մտել խորհրդային բանակի ստորաբաժանումներ, որոնք ի սկզբանե կարգադրություն չունեին ջարդարարների դեմ ուժ և զենք կիրառել։ Արդյունքում՝ ադրբեջանական կողմը գրոհել էր խորհրդային զորամասերը, ինչի հետևանքով վիրավորվել էր 140 խորհրդային զինվոր։ Միայն փետրվարի 29-ի երեկոյան էին բանակային ստորաբաժանումներն անցել վճռական գործողությունների, և հայերի կոտորածը դադարել էր։ Պաշտոնական տվյալներով՝ սումգայիթյան ջարդերի հետևանքով սպանվել է 32 մարդ (26 հայ, 6 ադրբեջանցի), ավելի քան 400 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ, կատարվել են հարձակումներ, կողոպտվել է մոտ 200 բնակարան, մշակութային նշանակության ավելի քան 50 շենք, վնասվել է ավելի քան 100 միավոր ավտոտրանսպորտ: Սումգայիթյան ջարդերի առնչությամբ կազմակերպված դատավարությունն ու դրա "անաչառությունը" անպատասխան թողեցին մի շարք հարցեր, որոնցից մեկը զոհերի և վիրավորների թվի հավաստիությունն էր: