


Կազմակերպելով Լիբանանից հայերի վերաբնակեցում` մենք կարող ենք վաղը խուսափել այնպիսի իրավիճակից, ինչպիսին ստեղծվել է Սիրիայում: Այդ մասին հայտարարել է պատմաբան Գևորգ Յազճյանը` ԱրմԻնֆո-ի թղթակցի հետ զրույցում:
Պատմաբանը կանխատեսում է, որ առաջիկայում Լիբանանում կստեղծվի սիրիականին նման մի իրավիճակ, և հարկավոր է արդեն այսօր որոշակի քայլեր ձեռնարկել Լիբանանի հայ համայնքը Հայաստանում վերաբնակեցնելու ուղղությամբ: «Դրված է այդ տարածաշրջանում քրիստոնյաների ապագայի հարցը, և, դժբախտաբար, հարցը վերաբերում է մեր հազարավոր հայրենակիցների: Հետևաբար, անհրաժեշտ է խուսափել իրավիճակից, երբ Հայաստանի կառավարությունը խոստովանի, որ չի կարող այնտեղից տարհանել հայերին», - նշել է պատմաբանը, հիշեցնելով սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի այն խոսքերը, որ «սիրիահայերի տարհանումը նշանակում է այդ մարդկանց կենդանի թիրախ դարձնել ահաբեկիչների ռումբերի համար»: «Բայց չէ որ ոչ մի երկիր թեժ կետերից բնակչության տարհանում ծրագրելիս այդ մասին նախապես չի հայտարարում, և ամեն ինչ արվում է անաղմուկ», - նշել է պատմաբանը: Նրա ասելով, հայ համայնքի տարհանումը կարելի էր կազմակերպել ավտոբուսներով, 50-100-ական մարդ, գուցե դիմելով ռազմավարական գործընկեր Ռուսաստանի օգնությանը, առանց աֆիշելու, ինչպես ժամանակին դա արեց Իսրայելը:
Հիշեցնենք, որ ավելի վաղ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը հայտարարել էր, թե Հայաստանը չի կարող իրականացնել սիրիահայերի կազմակերպված տարհանում, քանի որ դա շատ վտանգավոր է: «Ընդհանրապես, ոչ մի երկիր ծրագրված տարհանում չի իրականացնում` որպես այդպիսին, այդ թվում` Հայաստանը: Տվյալ դեպքում տարհանել` նշանակում է այդ մարդկանց դարձնել կենդանի թիրախ ահաբեկիչների ռումբերի համար: Ոչ քաղաքական, ոչ անվտանգության առումով չի կարելի նման բան հայտարարել», - նշել էր նախարարը:



