Արմինֆո. Պետական գաղտնիք կազմող տեղեկություններին անձանց առնչվելու թույլտվությունը կտրամադրի Հայաստանի արտաքին հետախուզության ծառայությունը: Ազգային ժողովի պետաիրավական հարցերի հանձնաժողովը փետրվարի 26-ի նիստում դրական եզրակացություն է տվել ՀՀ կառավարության կողմից "Պետական գաղտնիքի մասին" օրենքում երկրորդ ընթերցմամբ ներկայացված փոփոխություններին:
ԱՀԾ տնօրեն Քրիստինե Գրիգորյանի ասելով՝ երկրորդ ընթերցման համար առաջարկներ է ներկայացրել միայն ՀՀ կառավարությունը, եւ դրանք կրում են բացառապես խմբագրական և տեխնիկական բնույթ ու չեն ազդում փաստաթղթի բովանդակության վրա:
Փոփոխությունների համաձայն, թույլտվությունների տրամադրման կարգը կկարգավորվի ՀՀ վարչապետի որոշումներով: ԱՀԾ-ը կայացման փուլում է, և ներկայացված օրինագիծն այդ գործընթացի մի մասն է։
Այդ ուղղությամբ աշխատանքն իրականացվելու է ազգային անվտանգության ապահովման համատեքստում. մի կողմից՝ արտաքին հետախուզությամբ՝ ի դեմս ԱՀԾ-ի, մյուս կողմից ՝ հակահետախուզությամբ ՝ ի դեմս Ազգային անվտանգության ծառայության:
Գաղտնիության ռեժիմի պահպանման նպատակով կարող է իրականացվել միջգերատեսչական վերահսկողություն՝ Արտաքին հետախուզության ծառայության ղեկավարի հետ նախապես համաձայնեցված դեպքերում և ծավալով: Պետական գաղտնիքին առնչվելու թույլտվություն ստացած ֆիզիկական և իրավաբանական անձանց կողմից օրենքի պահանջների խախտումների վերաբերյալ կասկածների առկայության դեպքում օրենքով նախատեսված օպերատիվ - հետախուզական միջոցառումներ իրականացնելու իրավասություն է վերապահվում ԱՀԾ-ին: