Արմինֆո. Սամվել Վարդանյանի դեմ հարուցված քրեական գործը Հայաստանում "արդարադատության" վիճակի լակմուսի թուղթ է։ Այդ մասին լրագրողներին հայտարարել է Վարդանյանի փաստաբան Ռուբեն Մելիքյանը՝ մեկնաբանելով քաղաքացի Սամվել Վարդանյանի և "Քաղաքացիական պայմանագիր" կուսակցության նախկին պատգամավոր Հակոբ Ասլանյանի միջեւ միջադեպի գործով դատաքննության ընթացքը։
Նշելով դատավարության ընթացքում հետաքրքիր հակասությունների առկայությունը ՝ Մելիքյանն ասել է, որ իշխանամետ պատգամավորներին վերաբերող դեպքերը քննվում են զարմանալի օպերատիվությամբ, մինչդեռ, հակառակ կողմի հետ կապված գործերը ձգձգվում են, նույնիսկ, եթե խոսքը վերաբերում է այնպիսի լուրջ հանցագործությունների, ինչպիսիք են ծեծը:
"Դա տեղի է ունենում ոչ միայն այն դեպքերում, երբ գործը շոշափում է իշխանության շահերը. նման իրավիճակ է նկատվում նաեւ շարքային քաղաքացիների նկատմամբ, որոնց համար հետաքննության որակն անմխիթար է", - պարզաբանել է Մելիքյանը:
Այդուհանդերձ, փաստաբանը գոհունակություն է հայտնել նիստի արդյունքից, նշելով, որ իրենց հաջողվել է հասնել երեք խափանման միջոցներից երկուսի բացառմանը: Նրա խոսքով ՝ դատարանը վերացրել է գրավը և վարչական վերահսկողությունը՝ ուժի մեջ թողնելով միայն ելքի արգելքը։
Ընդ որում, Մելիքյանը հայտարարել է, որ համաձայն չէ մեղադրող կողմի որոշ դիտողությունների հետ, որոնք վերաբերել են գործի ինչպես իրավական, այնպես էլ փաստական ասպեկտներին: Նա նշել է, որ որոշ փաստեր սխալ են ներկայացվել։ Մեկնաբանելով Վարդանյանի ցուցմունքների անհամապատասխանության մասին մեղադրանքները ՝ փաստաբանն ընդգծել է, որ մեկ-երկու դրվագների հիման վրա նրա ցուցմունքների ոչ հավաստի լինելու մասին եզրակացություն անել և պնդել, որ միայն վարորդի ցուցմունքներն են արժանահավատ, պարզապես, ծիծաղելի է:
Փաստաբանը նաև հաղորդել է, որ հաջորդ նիստին, որը նախատեսված է մարտի 26-ին, կհնչեն իր և իր գործընկերների հետաքրքիր եզրափակիչ ելույթները:
Հիշեցնենք, որ Սամվել Վարդանյանը խուլիգանության կասկածանքով ձերբակալվել էր "Քաղաքացիական պայմանագիր" խմբակցության պատգամավոր Հակոբ Ասլանյանի հետ քաղաքային ավտոբուսներից մեկում վիճաբանությունից հետո:
Հավելենք, որ ձերբակալման գիշերը Քննչական կոմիտեից մեկուսարան տանող ճանապարհին Վարդանյանին դաժան ծեծի էին ենթարկել դիմակավորված 3 անհայտ անձինք։ Նրա փաստաբանները հաղորդել են, որ ճանապարհին ոստիկանները կանգնեցրել էին ավտոմեքենան և դուրս եկել՝ կարիքները հոգալու պատրվակով։ Ոստիկանների բացակայության պայմաններում բերման ենթարկված Վարդանյանին դիմակավորված անհայտ անձինք դուրս են բերել մեքենայից, ծեծի ենթարկել ու նվաստացնել։