Արմինֆո. Փետրվարի 26-ի ցերեկը, 27-ին հանրապետության առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում 17-20 մ/վ արագությամբ, ինչով պայմանավորված, լեռնային առանձին մարզերում սպասվում է բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն: Ինչպես հաղորդում է ՀՀ շրջակա միջավայրի նախարարության Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը, հանրապետության ճանապարհներին սպասվում է նաև մերկասառույց։
Երևանում փետրվարի 26-ի երեկոյան, 27-ի գիշերը և առավոտյան, մարտի 1-ի երեկոյան սպասվում է թույլ ձյուն։ Փետրվարի 28-ին, մարտի 1-ի գիշերը, 2-3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
Մարզերում փետրվարի 26-ի ցերեկը, 27-ի գիշերը և առավոտյան, մարտի 1-ի ցերեկը, 2-ի գիշերն առանձին շրջաններում սպասվում է ձյուն: Փետրվարի 28-ին, մարտի 1-ի գիշերը, 2-ի ցերեկը, 3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին հարավարևմտյան 2-5մ/վ, փետրվարի 26-ի ցերեկը, 27-28-ին սպասվում է քամու ուժգնացում ՝ 17-20մ/վ արագությամբ, լեռնային շրջաններում՝ բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։ Օդի ջերմաստիճանը փետրվարի 26-ի ցերեկը, 27-ին կբարձրանա ևս 2-4 աստիճանով։
Հանրապետության մի շարք մարզերում՝ Սյունիքում, Գեղարքունիքում, Լոռիում, Կոտայքում և Արագածոտնում քամու ուժգնացման առնչությամբ հաղորդագրություն է տարաածել ՆԳՆ Փրկարար ծառայությունը:
«Ակնկալվում է, որ քամու ուժգնացումը կշարունակվի մինչև փետրվարի 27-ի երեկոյան ժամերը։
ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության և ոստիկանության հերթապահ խմբերը շուրջօրյա ռեժիմով ուժեղացված ծառայություն են իրականացնում՝ վերահսկելով ավտոճանապարհները և ապահովելով քաղաքացիների անվտանգությունը։
Փրկարարական ծառայողները շրջայցեր, հերթապահություններ են իրականացնում ավտճանապարհների խնդրահարույց հատվածներում՝ ապահովելով արագ արձագանք բոլոր արտակարգ դեպքերին․ պատրաստակամ ցանկացած պահի օգնություն ցուցաբերելու։ Անհրաժեշտության դեպքում կատարում են արգելափակված տրանսպորտային միջոցների դուրսբերման, քարշակման, քաղաքացիներին անվտանգ տարածք տեղափոխման աշխատանքներ», - ասվում է հաղորդագրությունում։
ՀՀ Ներքին գործերի նախարարությունը հիշեցնում է. պետք է երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով և լինել առավել զգոն; տեղեկանալ պաշտոնական աղբյուրներից՝ եղանակային փոփոխությունների և ճանապարհային իրավիճակի վերաբերյալ։ «Անվտանգությունը բոլորիս պատասխանատվությունն է. պահպանեք զգոնությունը և հետևեք անվտանգության կանոններին», - ընդգծվում է հաղորդագրությունում