Արմինֆո. ՀՀ պաշտպանության նախարարությունը, չներկայանալով դատաքննությանը, անտեսել է 23-ամյա հաշմանդամ զինծառայող Մանվել Հակոբյանի կենսական կարիքները:
Ինչպես հաղորդել է ԱրմԻնֆո-ի խմբագրություն զանգահարած զինծառայող Մանվել Հակոբյանի հայրը' Արմենը, այսօր Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում կայացել է ՀՀ պաշտպանության նախարարության դեմ նրա հայցի շրջանակներում առաջին նիստը:
Ինչպես պատմել է Արմեն Հակոբյանը, իր որդին ողնաշարի շրջանում բեկորային վնասվածքներ է ստացել 2020 թվականի աշնանը Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում 44-օրյա պատերազմի ժամանակ ։ "Մանվելը 18 տարեկան էր, երբ ստացավ այդ ծանր վնասվածքները։ Նա նոր էր ավարտել դպրոցը և զորակոչվել երկրի զինված ուժերի շարքեր։ Վիրավորում է ստացել ծառայության 37-րդ օրը", - պատմել է Զինվորի հայրը:
Նրա խոսքով ՝ իրենք այս տարիների ընթացքում փորձել են որդուն ոտքի կանգնեցնել. վիրավորվելուց հետո նրա մարմնի ստորին հատվածը կաթվածահար է եղել: "Ես կարծում եմ, որ մենք շատ բախտավոր ենք, քանի որ հունական կողմից առաջարկ ենք ստացել՝ աջակցելու մեր որդու բուժմանը։ Մեծ դժվարությամբ հաղթահարելով երկրի բյուրոկրատական մեքենան՝ մեզ, այնուամենայնիվ, հաջողվեց բուժման նպատակով մեկնել Սալոնիկ", - նշել է Արմեն Հակոբյանը։
Նրա ասելով՝ որդին չորս բարդ վիրահատություն է տարել և այսօր լուրջ վերականգնման կարիք ունի։ "Հայաստանի ՊՆ-ում համաձայնել են վճարել որդու տարած չորս վիրահատություններից միայն երկուսի համար։ ՀՀ ՊՆ-ում երկու վիրաբուժական միջամտությունները գնահատել են որպես փորձարարական, և հրաժարվել են վճարել: Բայց մենք տեսնում ենք, որ հույն բժիշկների առաջարկած բուժումը տալիս է իր արդյունքները: Այժմ Մանվելը հետվիրահատական ակտիվ վերականգնման կարիք ունի՝ 6 ամիս ժամկետով։ ՊՆ - ում հրաժարվել են վճարել բուժման համար",- պատմել է 23-ամյա զինծառայողի հայրը։ Ընդ որում, նա դժգոհել է, որ Հայաստանում չկան մասնագետներ, որոնք կարող են օգնել իր որդուն, իսկ բոլոր բժիշկները, որոնց հետ իրենք հանդիպել են, զարմանքով են նայում այն բուժմանը, որը Սալոնիկի բժիշկներն են նշանակել։
Արմեն Հակոբյանը նշել է, որ ՀՀ պաշտպանության նախարարության դեմ ներկայացված հայցով ինքը խնդրում է վճարել Հայրենիքի պաշտպանության ժամանակ վիրավորված իր որդու բուժման համար: Նրա խոսքով ՝ գումարը կազմում է ավելի քան 30 հազար եվրո՝ երկու չվճարված վիրահատություն և հետվիրահատական վերականգնում։ Զինծառայողի հոր խոսքով՝ իրենց համար դա մեծ գումար է, իրենք դժվարությամբ են գումար հավաքել այն երկու վիրահատության համար։ "Ես հետ չեմ կանգնի որդուս բուժումից։ Կարծում եմ, որ այս դատավարությունը կարող է նախադեպ ստեղծել նաև մյուս զինծառայողների ծնողների համար, ովքեր փորձում են իրենց զաավակերին բուժել կամ գոնե ոտքի կանգնեցնել: Ցավոք, պատասխանող կողմը՝ ի դեմս Պաշտպանության նախարարության, այսօր չէր ներկայացել դատական նիստին։ Սակայն դատավորը լսեց մեր բոլոր փաստարկները եւ հաջորդ նիստը նշանակեց ապրիլի 29-ին", - պատմել է հայրը, եւս մեկ անգամ ընդգծելով, որ ինքը մինչեւ վերջ ձգտելու է արդարության է հասնել այդ հարցում։