Արմինֆո.Հայաստանի ՊՆ-ում հաղորդել են հիվանդության հետևանքով զինծառայողի մահվան մասին:
Ինչպես հաղորդել է ՊՆ մամուլի քարտուղար Արամ Թորոսյանը, զինծառայողը մահացել է մայրաքաղաքի հոսպիտալում, նախնական բժշկական եզրակացության համաձայն, հիվանդությունն ընթացել է կայծակնային արագությամբ, ձեռնարկված անհետաձգելի բժշկական միջոցառումներն ու ջանքերն արդյունք չեն տվել: Ընդ որում, նա չի ասել, թե ինչ հիվանդության մասին է խոսքը՝ հորդորելով սպասել բժշկական փորձաքննության արդյունքներին։
Զինծառայողի մահվան մասին հաղորդագրության հայտնվելուց հետո սոցիալական ցանցերի հայկական հատվածում մանրամասներ են հայտնվել՝ կապված մահացածի անձի հետ։
Ինչպես հայտնի է դարձել, մահացածը ժամկետային զինծառայող Արտակ Վարդանյանն է՝ ծնունդով Սյունիքի մարզի Սիսիան քաղաքից: Սիսիանցիները հաղորդել են, որ, ըստ նախնական տեղեկությունների, տղան մահացել է թոքաբորբից։ Նրանք նշում են, որ Արտակը մի քանի օր բարձր ջերմություն է ունեցել, սակայն նրան հոսպիտալ ուղարկելու և բարձր ջերմության պատճառն իմանալու փոխարեն նրան ուղարկել են մարտական դիրքեր, որտեղից արդեն շատ ծանր վիճակում տեղափոխել են Երևանի հոսպիտալ: Նշվում է, որ մահացած զինվորի մայրը հասցրել է որդուն դեռ ողջ գտնել հոսպիտալում։
Սիսիանցիները նաև հաղորդել են, որ Արտակը ծառայել է Իջևանում, թեև, իրականում, չպետք է զորակոչվեր բանակ՝ քաշի հետ կապված խնդիրների պատճառով: Նրանց խոսքով՝ վերջերս Արտակը կորցրել է հորը, և տանը նրան սպասում էին մայրն ու քույրը։
ՀՀ ՊՆ-ում այս տեղեկատվության հավաստիությունը ստուգել չի հաջողվել։