Արմինֆո. ՀՅԴ Բյուրոյի Հայ դատի կենտրոնական գրասենյակը, Բաքվում սպասվող հայ գերիների ձևական դատավարական գործընթացի մեկնարկին ընդառաջ՝ www.freearmenianhostages.net և www.freearmenianhostages.am հասցեներով գործարկել է տեղեկատվական կայք՝ նպատակ ունենալով հայերեն և անգլերեն լեզուներով բարձրացնել իրազեկվածությունն Ադրբեջանում պահվող հայ գերիների՝ այդ թվում Արցախի Հանրապետության ռազմաքաղաքական ղեկավարության դեմ իրականացվող շինծու դատաիրավական գործընթացների վերաբերյալ։ Այս կայքը կարող է օգտակար լինել Ադրբեջանում անօրինական պահվող հայ գերիների իրավունքների պաշտպանությամբ զբաղվող ինչպես հայկական, այնպես էլ օտար կազմակերպությունների համար՝ իբրև տեղեկատվական շտեմարան։
Հայ դատի կենտրոնական գրասենյակի հաղորդագրության համաձայն, ՀՅԴ Հայ դատի հանձնախմբերի ու գրասենյակների աշխատանքների արդյունքում հնարավոր է եղել միջազգային տարբեր կառույցներից ստանալ արձագանքներ՝ ուղղված Ադրբեջանի իշխանություններին և միջազգային հանրությանը՝ Բաքվում պահվող Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության և առհասարակ հայ պատանդների ու ռազմագերիների արդար դատաքննության, իրավունքների լիարժեք հարգման և ազատ արձակման վերաբերյալ։