


Արմինֆո.Չնայած նախորդ օրվա ձյան առատ տեղումներին՝ «Զվարթնոց» օդանավակայանի աշխատակիցների և կիրառված սարքավորումների շնորհիվ օպերատիվ կերպով ձնամաքրվել է վազքուղին, իրականացվել են օդանավերի հակասառեցման աշխատանքներ և ապահովվել են անվտանգ թռիչք-վայրէջքներ: Այդ մասին հաղորդել է «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի մամուլի ծառայությունը:
«Շնորհակալ ենք մեր պրոֆեսիոնալ թիմին նման ծանր եղանակային պայմաններում անվտանգ թռիչքներ ապահովելու և ձմեռային աշխատանքներն անխափան իրականացնելու համար: Մեր բոլոր ուղևորներին մաղթում ենք բարի թռիչք», - ասվում է հաղորդագրությունում:
Հիշեցնենք, որ, ինչպես հաղորդել է ՀՀ շրջակա միջավայրի նախարարության Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը, Երևանում 10 ժամվա ընթացքում տեղացել է 15մմ ինտենսիվ ձյուն, ինչը հավասար է կես ամսվա նորմային: Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի հաղորդագրության համաձայն, ձյան տեղումները հանրապետության տարածքում, ներառյալ՝ Երեւանում, կշարունակվեն փետրվարի 22-23-ին:



