Արմինֆո. ԵԱՀԿ ԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության անդամ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը վեհաժողովի ձմեռային նստաշրջանում իր ելույթում առաջարկել է ԵԱՀԿ ԽՎ դիտորդական առաքելություն իրականացնել՝ դիտարկելու հայ գերիների եւ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության նկատմամբ դատավարությունները Բաքվում:
ԱԺ հաղորդագրության համաձայն, Լիլիթ Գալստյան իր ելույթում, մասնավորապես, ասել է. «Իմ խորը մտահոգությունն եմ փոխանցում Բաքվում գերեվարված հայ ռազմագերիների, այդ թվում` Լեռնային Ղարաբաղի ռազմաքաղաքական ղեկավարության պատանդառության առնչությամբ: Նրանք 2023 թվականի սեպտեմբերին տեղի ունեցած ադրբեջանական ագրեսիայի զոհերն են` ագրեսիա, որի հետեւանքով 120,000 էթնիկ հայեր բռնի տեղահանության ենթարկվեցին:
Մեր բոլորի անհետաձգելի ուշադրությունը եւ վերաբերմունքը պետք է ուղղել 2025 թվականի հունվարին Բաքվում մեկնարկած դատավարությունների վրա, որոնք լրջագույն հարցականի տակ են դնում արդար դատավարություն իրականացնելու Բաքվի կամքը: Հակառակ այն իրողության, որ Ադրբեջանն անդամակցում է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիային ու Քաղաքական եւ Քաղաքացիական իրավունքների միջազգային խարտիային, ընթացող դատավարությունները մի շարք լրջագույն խախտումներ են արձանագրում:
1. Անառարկելի փաստեր են ի հայտ եկել, որ կալանավորվածները կտտանքների են ենթարկվում: Նրանց դատում են որպես ահաբեկիչներ` սոսկ հայ լինելու հանգամանքով:
2. Հակառակ բաց դատավարության մասին Բաքվի հայտարարության` միջազգային որեւէ կազմակերպության, այդ թվում` լրատվամիջոցների մուտքն արգելված է:
3. Հայտնի հումանիստ Ռուբեն Վարդանյանին, ով երբեք զինվորական կենսագրություն չի ունեցել, դատում են ռազմական դատարանում, իսկ նրան ներկայացվող մեղադրանքը մոտենում է 200 տարվա դատապարտման: Նրան՝ մեղադրանքին ծանոթանալու խիստ սահմանափակ հնարավորություն է տրվել:
Ելնելով այս իրողություններից՝ ես պաշտոնապես առաջարկում եմ, որպեսզի ԵԱՀԿ ԽՎ-ն դիտորդական առաքելություն իրականացնի՝ դիտարկելու այս դատավարությունները:
Այն կծառայի հետեւյալ նպատակներին՝ համոզվելու, թե որքանով է դատավարությունը համապատասխանում միջազգային իրավական չափանիշներին; կապահովի դատական գործընթացների թափանցիկությունը; կարտահայտի միջազգային հանրության հավատարմությունը Մարդու իրավունքներին; կահազանգի, որ մարդու իրավունքների ոտնահարումը չի կարող անհետեւանք մնալ:
ԵԱՀԿ ԽՎ միջամտությունը հստակ ազդանշան կլինի, որ միջազգային հանրությունը չի լռելու, իսկ Ադրբեջանը պիտի հաշվետու լինի իր գործողությունների համար»: