Արմինֆո. Երկիրը «ժողովրդավարության բաստիոն» հռչակած օրվա իշխանությունները շարունակում են քաղաքացու ընտրելու և ընտրվելու իրավունքի ոտնահարումը: ՀՅԴ բյուրոյում աայդպես են արձագանքել նախօրեին Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանին իրավապահ մարմինների կողմից բերման ենթարկելու փաստին։
ՀՅԴ-ում հիշեցրել են, որ նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանը հայտարարել է Գյումրու առաջիկա ՏԻՄ ընտրություններին քաղաքապետի թեկնածու առաջադրվելու մասին։ «Կատարվածը, անկասկած, կապված է Գյումրու առաջիկա ՏԻՄ ընտրությունների հետ։ Երկիրը «ժողովրդավարության բաստիոն» հռչակած օրվա իշխանությունները շարունակում են քաղաքացու ընտրելու և ընտրվելու իրավունքի ոտնահարումը, փորձելով Գյումրիում ստեղծել վախի մթնոլորտ:
ՀՅԴ Գյումրու կոմիտեն խստորեն դատապարտում է նման գործելաոճը: Ցանկացած թեկնածուի նկատմամբ այսպիսի գործողությունները փաստում են գործող ռեժիմի ոչ լեգիտիմ լինելու և ժողովրդավարության հիմք հանդիսացող ընտրական գործընթացի նկատմամբ ունեցած խորը անարգանքի մասին», - ասվում է հայտարարությունում։
Ինչպես ավելի վաղ հաղորդել էր ԱրմԻնֆո-ն, փետրվարի 20-ի օրվա երկրորդ կեսին հայտնի էր դարձել Հայաստանի քրեական ոստիկանության հատուկ ստորաբաժանման կողմից Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանին և նրա թիկնապահին բերման ենթարկելու մասին: Ավելի ուշ նրանց ազատ էին արձակել ոստիկանությունից։ Ղուկասյանի դեմքին քերծվածքներ են եղել։
Հավելենք, որ Վարդան Ղուկասյանը Գյումրու քաղաքապետի պաշտոնը զբաղեցրել է 1999-2021 թվականներին: Նրան մեղադրանք է առաջադրվել քաղաքի 15 հողամասերն ապօրինի օրինականացնելու, ինչպես նաև մշակույթի հուշարձանը վնասելու համար ։ Մեղադրանքները վերաբերում են նաև նրա եղբորը, որդուն և երկու մերձավոր ազգականներին, որոնցից մեկը հետախուզման մեջ է: