Արմինֆո. "3+3" ձևաչափին մասնակցում է Ռուսաստանը, և, իհարկե, այդ ռեժիմով Վրաստանը չի պատրաստվում որևէ սեղանի շուրջ նստել Ռուսաստանի հետ", - հայտարարել է "Վրացական երազանքի" պատգամավոր Լևան Մաճավարիանին, արձագանքելով ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի այն հայտարարությանը, թե "Վրաստանի ներկայացուցիչների համար աթոռը միշտ կգտնվի "3+3" ձևաչափի նիստերի դահլիճում":
Նրա խոսքով ՝ այդ թեմայի շուրջ քննարկում չի եղել։ "Ռուսաստանը մասնակցում է "3+3" ձևաչափին, Ռուսաստանը օկուպացրել է մեր տարածքները և, իհարկե, այս ռեժիմով մենք չենք պատրաստվում Ռուսաստանի հետ որևէ սեղանի շուրջ նստել։ Մենք չունենք ոչ դիվանագիտական հարաբերություններ, ոչ էլ՝ որևէ այլ տիպի։ Սկզբում մենք պետք է լուծենք մեր տարածքային ամբողջականության հարցը, և դրանից հետո կարող է սկսվել քննարկում, թե արդյոք որևէ ձևաչափ կլինի", - հայտարարել է Մաճավարիանին։
Նշենք, որ 2024 թվականի աշնանը Թուրքիայում տեղի է ունեցել "3+3" տարածաշրջանային հարթակի երրորդ հանդիպումը։ Այն անցել է 5 երկրների՝ Հայաստանի, Ադրբեջանի, Ռուսաստանի, Իրանի և Թուրքիայի արտգործնախարարների մակարդակով։ Վրաստանը կրկին չի մասնակցել հարթակի աշխատանքներին։
Առաջին հանդիպումը տեղի էր ունեցել 2021 թվականի դեկտեմբերի 10-ին Մոսկվայում՝ ՌԴ, Ադրբեջանի, Հայաստանի, Թուրքիայի ԱԳ փոխնախարարների և Իրանի ԱԳՆ գլխավոր տնօրենի համանախագահությամբ։ ՌԴ ԱԳՆ-ում նշել են, որ Վրաստանի ներկայացուցիչները, որոնք նույնպես հրավիրվել էին, ձեռնպահ են մնացել հանդիպմանը մասնակցելուց, սակայն նրանց համար դռները միշտ բաց են: