
Արմինֆո.Ազգային անվտանգության նոր ռազմավարության անհրաժեշտություն է առաջացել՝ նկատի ունեննալով Հայաստանի անվտանգությանն առնչվող փոփոխությունները: Այդ մասին փետրվարի 20-ին ճեպազրույցում լրագրողներին հայտարարել է Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը՝ մեկնաբանելով Հայաստանի ազգային անվտանգության ռազմավարության վերանայման աշխատանքները համակարգելու նպատակով միջգերատեսչական հանձնաժողով ստեղծելու մասին ՀՀ վարչապետի որոշումը։
<Դուք գիտեք, որ Ազգային անվտանգության նախորդ ռազմավարությունը պատրաստվել և հրապարակվել է 2020 թվականի ամռանը: Դրանից հետո Հայաստանի շուրջ տեղի են ունեցել մեծ փոփոխություններ, և, հաշվի առնելով այդ դինամիկան, մենք մի փոքր սպասեցինք։ Իսկ երբ արդեն որոշակիություն կար, որոշեցինք նոր ռազմավարություն մշակել", - պարզաբանել է նա։
Հարցին, թե ինչ փոփոխություններ են սպասվում, անվտանգության խորհրդի քարտուղարը պատասխանել է, որ ոչինչ չի կարող ասել, քանի որ տեղի ունեցած քննարկումները վերաբերել են բացառապես հանձնաժողովի աշխատակարգին: "Դրանով մեր քննարկումները սահմանափակվել են", - հավելել է նա։
Ընդ որում, Գրիգորյանը հավաստիացրել է, որ ողջ գործընթացը լինելու է հրապարակային, և հանրությանն ամեն ինչի մասին կտեղեկացնեն:
Հիշեցնենք, որ երեկ կառավարության պաշտոնական կայքում հրապարակվել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի փետրվարի 19-ի որոշումը՝ ՀՀ ազգային անվտանգության ռազմավարության վերանայման աշխատանքները համակարգելու նպատակով միջգերատեսչական հանձնաժողով ստեղծելու մասին:
Ըստ փաստաթղթի՝ հանձնաժողովը կգլխավորի ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղարը։ Բացի ԱԽ քարտուղարից, հանձնաժողովում կընդգրկվեն նաեւ խորհրդարանական հանձնաժողովների, նախարարությունների, Պետեկամուտների կոմիտեի, Ազգային անվտանգության ծառայության, ԱՀՎ-ի, ԶՈՒ գլխավոր շտաբի եւ փոխվարչապետերի գրասենյակների ներկայացուցիչներ, ընդամենը, 21 մարդ:
Հիշեցնենք, որ հունվարի 28-ին ՀՀ ԶՈՒ կազմավորման 33-րդ տարեդարձի կապակցությամբ ՊՆ-ում ունեցած ելույթում Փաշինյանը հայտարարել էր, որ Ազգային անվտանգության ռազմավարությունն առաջիկայում կփոխվի և կվերափոխվի: