Արմինֆո. Կառավարության փետրվարի 20-ի նիստում գործադիրը հաստատել է «Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարան» հիմնադրամի ռեկտորի պաշտոնում Մանուկ Գևորգի Բարսեղյանի ընտրության արդյունքները: Որոշման ընդունումը կնպաստի Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի բնականոն գործունեությանը, բուհի ընթացիկ ղեկավարման իրականացմանն ու հոգաբարձուների խորհրդի որոշումների պատշաճ կատարմանն ընտրված ռեկտորի կողմից:
Կառավարության հաղորդագրության համաձայն, մրցույթն ընթացել է «Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարան» հիմնադրամի կանոնադրության և հոգաբարձուների խորհրդի կողմից հաստատված ռեկտորի ընտրության ընթացակարգին համաձայն: Նիստին մասնակցում էին խորհրդի 20 անդամներից 18-ը: Ռեկտորի ընտրությունը կայացել է մեկ փուլով, որի արդյունքում հոգաբարձուների խորհրդի անդամների գաղտնի քվեարկությամբ 18 կողմ, 0 դեմ ձայնով Մանուկ Գևորգի Բարսեղյանը ընտրվել է Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի ռեկտորի պաշտոնում՝ 5 տարի ժամկետով:
Մանուկ Բարսեղյանը շնորհակալություն է հայտնել վստահության համար և նշել. «Մեծ պատիվ է և պարտավորեցնող ղեկավարել Հայաստանի Հանրապետության լավագույն բուհերից մեկը, որը մշտապես գրանցել է բազմաթիվ հաջողություններ կրթության և գիտության ոլորտում: Վստահեցնում եմ, որ ամեն ինչ անելու ենք, որպեսզի կրթության մակարդակը բարձրացնենք, համապատասխանեցնենք միջազգային չափանիշներին և որպես թիրախ ընտրել ենք որոշ կրթական ծրագրերի միջազգային հավատարմագրում»: Մանուկ Բարսեղյանը նաև վստահեցրել է, որ համալսարանում կիրականացվեն բարձր մակարդակի գիտահետազոտական և նախագծային աշխատանքներ, որոնք մշտապես միտված են լինելու աշխատաշուկայի պահանջների բարելավմանը, բավարարմանը, տնտեսության առջև ծառացած խնդիրների լուծմանը:
Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի նորանշանակ ռեկտորը նաև տեղեկացրել է, որ համալսարանը բոլորովին վերջերս դարձել է Եվրոպական ճարտարապետության ասոցիացիայի լիիրավ անդամ, որտեղ որպես լիիրավ անդամ մեծ հեղինակություն ունեցող բազմաթիվ համալսարաններ կան: «Դրանցից կառանձնացնեի Մյունխենի տեխնիկական համալսարանը, որի հետ մենք արդեն Ակադեմիական քաղաքի շրջանակներում ունենք սերտ համագործակցություն»,-իր խոսքում նշել է Մանուկ Բարսեղյանը: