Արմինֆո. Լեռնային Ղարաբաղի նախկին ղեկավարների նկատմամբ ներկայումս ընթացող դատավարությունն ի սկզբանե կեղծված բնույթ է կրում։ Այդ մասին փետրվարի 20-ին "Եռաբլուր" զինվորական պանթեոնում լրագրողներին հայտարարել է ՀՀ Ազգային ժողովի "Հայաստան" ընդդիմադիր խմբակցության ղեկավար, ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը։
Նրա ասելով՝ խոսքը թատերական ներկայացման մասին է, քանի որ Ադրբեջանը Բաքվի իր տարածքում ցանկանում է ստանալ այն ամենը, ինչ ցանկանում է ստանալ: "Բոլորի համար ակնհայտ է, որ այս ներկայացման արդյունքում հարևան երկիրը միջազգային հանրությանը կներկայացնի իր "ապացույցները", որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության հիմնական մեղավորը Հայաստանի Հանրապետությունն է: Մինչդեռ, Արցախյան ազատամարտի ողջ պատմությունը վկայում է, որ Արցախի դեմ ռազմական գործողությունները սկսել է հենց Ադրբեջանը", - ասել է Օհանյանը։
Նա հավելել է, որ ներկա իրավիճակում անհրաժեշտ է հետևել 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթներին։ "Չնայած այն հանգամանքին, որ այս փաստաթուղթը կապիտուլյացիայի տարրեր է պարունակում, բայց անհրաժեշտ է դրան վերադառնալ, քանի որ այդ հայտարարության 4-5 կետերն այդպես էլ մնացին անկատար։ Սա միակ փաստաթուղթն է, որի հիման վրա կարելի է վերադառնալ Արցախի և արխցախցիների վերադարձի հարցին։ Հիմա Բաքուն ակտիվորեն առաջ է տանում միջանցքի գաղափարը, հայկական կողմը պետք է այդ կապակցությամբ մատնանշի նաև եռակողմ հայտարարության մյուս կետերը", - ասել է պատգամավորը։
Պատասխանելով նոր սահմանադրության ընդունման անհրաժեշտության մասին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի նախաձեռնությանն առնչվող հարցին՝ Օհանյանը խոստովանել է, որ վաղուց չի լսում նրա հայտարարությունները, որոնք հաճախ կրկնվում են և մանիպուլյացիաների բնույթ են կրում: Այդուհանդերձ, քաղաքական գործիչը վստահություն է հայտնել, որ այդ նախաձեռնությունը թուրք-ադրբեջանական տանդեմի ճնշման արդյունք է: "Կարծում եմ, որ սահմանադրության փոփոխության որևէ անհրաժեշտություն չկա, այդ հարցին կարելի է վերադառնալ միայն այն դեպքում, եթե փոփոխություններ լինեն պետական կառավարման համակարգում։ Փաշինյանի նախաձեռնությունը համապատասխանում է պաշտոնական Բաքվի հայտարարություններին, որն ամեն անգամ նոր պահանջներ է ներկայացնում",- ասել է նախկին նախարարը։
Նա նաև հիշեցրել է Ազգային անվտանգության նոր ռազմավարության մշակման միջգերատեսչական խումբ ձևավորելու Փաշինյանի երեկվա որոշման մասին: "Հինգ տարի նրանք մատը մատին չեն տվել այդ հարցի ուղղությամբ։ ՀՀ ԱԺ-ում կառավարական ժամին ես ինքս բարձրացրեցի այդ խնդիրը։ Այսօր իշխանությունները ուշացել են այս հարցում, քանի որ 44-օրյա պատերազմի արդյունքում Արցախում բոլորովին այլ իրավիճակ է ձևավորվել։ Արդեն այն ժամանակ աշխարհաքաղաքական գործընթացների և տարածաշրջանային զարգացումների ֆոնին անհրաժեշտ էր սկսել այդ աշխատանքը, որպեսզի կարողանայինք արձագանքել անվտանգության առնչությամբ ի հայտ եկած բոլոր մարտահրավերներին ", - ընդգծել է Սեյրան Օհանյանը։
Նշենք, որ այսօր լրանում է Ղարաբաղյան շարժման 37-րդ տարեդարձը: Այդ առիթով Արցախի ղեկավարներն ու Հայաստանի խորհրդարանի ընդդիմադիր պատգամավորներն այցելել են "Եռաբլուր"՝ հարգանքի տուրք մատուցելու զոհված հերոսների հիշատակին: