Արմինֆո.Հաշվի առնելով եղանակային գործոնները՝ հատկապես ձյան առատ տեղումները, մառախուղը և մերկասառույցը, որոնք հաճախ հանգեցնում են ավտոճանապարհներին տրանսպորտային միջոցների արգելափակման և խոչընդոտում բնականոն երթևեկությունը՝ Փրկարար ծառայության տնօրեն-ներքին գործերի նախարարի տեղակալ Կամո Ցուցուլյանի կարգադրությամբ Փրկարար ծառայության ենթակա ստորաբաժանումներն անցել են ուժեղացված ծառայության։
ՆԳՆ հաղորդագրության համաձայն, հանրապետության մի շարք միջպետական ավտոճանապարհներին փրկարարների կողմից պարբերաբար իրականացվում են շրջայցեր, սահմանվել են հերթապահություններ։ Առավել խնդրահարույց հատվածներում անհրաժեշտության դեպքում կծավալվեն հենակետեր՝ օպերատիվ արձագանքում իրականացնելու, վարորդներին օգնություն ցուցաբերելու և քաղաքացիների անվտանգությունն ապահովելու նպատակով։
Փրկարար ծառայությունը, անվտանգության նկատառումներից ելնելով, հորդորում է երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով, լինել առավել ուշադիր՝ խստագույնս պահպանելով ճանապարհային երթևեկության կանոնները:
Ուժեղացված ծառայության շրջանակներում փրկարարները համագործակցում են ոստիկանության պարեկների հետ և պատրաստ են օգնել դժվարության մեջ հայտնված քաղաքացիներին:
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։
Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ և Ամբերդ ամրոց տանող ավտոճանապարհները։
Վարդենյաց լեռնանցքը (ձյուն, մառախուղ, բուք) փակ է բեռնատարների համար, դժվարանցանելի՝ մյուս տրանսպորտային միջոցների համար։
Ջերմուկ քաղաքի խաչմերուկից Կապան քաղաք և Սյունիք գյուղից Տաթև տանող ավտոճանապարհները փակ են կցորդիչով բեռնատարների համար, իսկ Արտաշավան-Ծիլքար ավտոճանապարհը՝ բեռնատարների համար։
Լոռու մարզի բոլոր ավտոճանապարհները դժվարանցանելի են, իսկ Դիլիջանի ոլորանները՝ կցորդիչով բեռնատարների համար։
Սարավան-«Զանգեր» կոչվող հատվածում, Գեղարքունիքի (բացի Վարդենիս և Մարտունի քաղաքներից), Կոտայքի, Սյունիքի, Արարատի, Արմավիրի, Արագածոտնի, Տավուշի, Լոռու, Շիրակի մարզերում և Ջերմուկ քաղաքում տեղում է ձյուն։
Տավուշի մարզի և Ալագյազի տարածաշրջանի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց։
Արագածի տարածաշրջանում, Ռյա-Թազա-Ապարան, Չարենցավան-Ֆանտան և Չարենցավան-Արզական ավտոճանապարհներին բուք է։