Արմինֆո.Միջազգային ատյաններից Ադրբեջանի դեմ Հայաստանի գանգատներից հրաժարվելն անհնար է նաև իրավական արգելքի պատճառով: Նման կարծիք է հայտնել Հայաստանի նախկին օմբուդսմեն, «Թաթոյան» հիմնադրամի ղեկավար Արման Թաթոյանը:
«ՀՀ կառավարության ղեկավարն այդ հայտարարություններն անում է ՔՊ ղեկավարի իր նեղ շահերի գերակայությամբ` ի չարը գործադրելով ՀՀ վարչապետի կարգավիճակը և սխալ մեկնաբանելով Կառավարության լիազորությունները: Նա չունի այդ գանգատներից հրաժարվելու կամ այդպիսի որոշումների համար քաղաքական ճնշում գործադրելու իրավասություն:
Դա հակասում է ՀՀ անվտանգությանն ու պետական մյուս շահերին, ոտնահարում է հայ ժողովրդի իրավունքները: Այդ գանգատներից հրաժարվելը Հայաստանի Հանրապետությունը դնում է պատասխանատվության տակ սեփական քաղաքացիներին իրենց իրավունքների զանգվածային խախտումների համար պաշտպանությունից զրկելու, այդ պաշտպանությունից հրաժարվելու և հետագայում պաշտպանության խոչընդոտներ ստեղծելու համար, մաքրում է ադրբեջանական հանցանքները:
Ուստի, գանգատներից հրաժարվելը չի կարելի «հիմնավորել»` Կառավարության ինչ-որ առանձին, «մեկուսացած» լիազորության վրա հղում անելով: Սա այդ դեպքը չէ:
Ընդ որում, միջազգային դատարանում միջպետական գանգատ ներկայացնելն ինքնին չի ենթադրում դրանցից հրաժարվելու Վարչապետի կամ Կառավարության բացարձակ հայեցողություն: Հրաժարվելն ունի բոլորովին այլ իրավական ռեժիմ արդեն իսկ նախաձեռնված կամ ընթացող միջագային դատական գործընթացի պայմաններում:
Այն, որ միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցչի գրասենյակը ՀՀ վարչապետի աշխակազմի կառուցվածքային միավոր է, ոչինչ չի նշանակում: Կոպիտ սխալ էր այդ միավորը Վարչապետի աշխատակազմի մաս դարձնելը հատկապես գործող Կառավարության պարագայում, որի համար քաղաքական շահերը գերակա են պետական շահերի նկատմամբ:
Նշվածից բացի, ՔՊ ղեկավարն իր հայտարարություններով ողջամիտ կասկածներ է առաջացնում, որ այլ գործերով նման բաներ տեղի են ունեցել: Օրինակ` ինքը կամ իր քաղաքական թիմակիցների մի մասը մինչև իշխանության գալը Եվրոպական դատարան են ներկայացրել գանգատներ ու հիմա քաղաքական ճնշում օգտագործելով` ստիպել են հրաժարվել Հայաստանի Հանրապետության դիրքորոշումներից հանուն իրենց «հաղթանակի», - գրել է Թաթոյանը՝ «Ֆեյսբուքի» իր էջում:
Նշենք, որ Հայաստանի վարչապետը Վաշինգտոնում Ատլանտյան խորհրդի Եվրասիական կենտրոնի ավագ տնօրենի հետ հարցազրույցում, անդրադառնալով միջազգային դատական ատյաններից փոխադարձ հայցերի հետկանչին, կրկին պատրաստակամություն էր հայտնել դա անել, եթե Ադրբեջանը հրաժարվի այդ խնդրից երկկողմ հարաբերություններում:
Հիշեցնենք, որ 2023 թվականի սեպտեմբերի 28-ին ՀայաստանընԱդրբեջանի դեմ հայց է ներկայացրել ՄԱԿ միջազգային դատարան ՝ Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության նկատմամբ Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին միջազգային կոնվենցիայի ենթադրյալ խախտման վերաբերյալ ։ Բացի այդ, ՀՀ-ն չորս բողոք է ներկայացրել Մարդու իրավունքների եվրոպական դատարան ։ Դրանցից մեկը վերաբերում է 2020 թվականի 44-օրյա պատերազմի ժամանակ տեղի ունեցած հանցագործություններին և մարդու իրավունքների խախտումներին, երկրորդը՝ Բաքվում հայ ռազմագերիների նկատմամբ դատավարություններին։ Մյուսը վերաբերում է Ադրբեջանի զինված ուժերի կողմից Հայաստանի տարածք ներխուժմանը և այստեղ կատարված հանցագործություններին, և վերջին բողոքը վերաբերում է Լեռնային Ղարաբաղի շրջափակմանը, մարդու իրավունքների զանգվածային խախտումներին և էթնիկ զտմանը: Ընդ որում, ադրբեջանական ԶԼՄ-ները, հղում անելով երկրի ԱԳՆ-ին, հաղորդել էին, որ 2024 թվականի նոյեմբերի 19-ին Ադրբեջանի կառավարությունը մշտական արբիտրաժային պալատ է ներկայացրել Հայաստանի դեմ հայցի հիմնական փաստաթուղթը ՝ հայկական կողմին մեղադրելով էներգառեսուրսների նկատմամբ Ադրբեջանի սուվերեն իրավունքներն, իբր, խախտելու համար։