Արմինֆո. Ուղիղ 21 տարի առաջ այս օրը Բուդապեշտում ՆԱՏՕ-ի ուսումնամարզական ճամբարում դաժանաբար սպանվեց հայկական բանակի սպա Գուրգեն Մարգարյանը:
Մարգարյանին քնած ժամանակ կացնահարել էր ադրբեջանցի Ռամիլ Սաֆարովը, որը մասնակցում էր այդ նույն վարժանքներին։ Այսօր հանցագործը ոչ միայն հանգիստ շրջում է ազատության մեջ, այլև Ադրբեջանում ընկալվում է որպես ազգային հերոս։
Հիշեցնենք, որ լեյտենանտ Գուրգեն Մարգարյանը Բուդապեշտ էր գործուղվել՝ մասնակցելու ՆԱՏՕ-ի "Գործընկերություն հանուն խաղաղության" ծրագրի շրջանակում անգլերենի դասընթացներին: 2004թ. փետրվարի 19-ին հայ սպայի սպանությունից հետո, 2006 թվականի ապրիլի 13-ին Բուդապեշտի առաջին ատյանի դատարանը մարդասպան Սաֆարովին դատապարտել էր ցմահ ազատազրկման ՝ 30 տարի առանց ներման իրավունքի:
2012թ. օգոստոսի 31-ին Հունգարիայում ցմահ ազատազրկման դատապարտված ադրբեջանցի սպա Ռամիլ Սաֆարովն արտահանձնվեց հայրենիք: Նույն օրն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հրամանագիր ստորագրեց նրան ներում շնորհելու մասին: Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը մարդասպանին վճարեց աշխատավարձը, որը կուտակվել էր նրա անազատության մեջ գտնվելու ողջ ժամանակահատվածում (ավելի քան ութ տարի), նրան բնակարան տրամադրվեց, ինչպես նաև մայորի կոչում շնորհվեց:
Սաֆարովի արտահանձնման կապակցությամբ Հայաստանը նույն օրը կասեցրեց դիվանագիտական հարաբերությունները և բոլոր պաշտոնական կապերը Հունգարիայի հետ: Սակայն 2022 թվականին հայկական կողմը Հունգարիային առաջարկեց շրջել այդ էջը երկկողմ հարաբերություններում, վերսկսել դիվանագիտական շփումները։