Արմինֆո. Երևանում կասեցվել է Եվրոպայում և Ղազախստանում խարդախություններ կատարած երկու զանգերի կենտրոնների գործունեությունը: Այդ մասին հաղորդում է Polisia.kz կայքը.
Աղբյուրը նշում է, որ երկու զանգերի կենտրոնների գործունեությունը կասեցվել է Ղազախստանի ՆԳՆ կիբեռհանցագործությունների հակազդման դեպարտամենտի և Հայաստանի քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության աշխատակիցների համատեղ միջոցառումների արդյունքում:
"Պարզվել եւ ձերբակալվել են անդրազգային հանցավոր խմբի կազմակերպիչներն ու անդամները, որոնք ինտերնետային խարդախություններով են զբաղվել Ղազախստանի եւ եվրոպական երկրների քաղաքացիների նկատմամբ՝ տուժածներին առաջարկելով գումարներ ներդնել, իբր, խոշոր ներդրումային ընկերություններում։ Խուզարկությունների ժամանակ առգրավվել է ավելի քան 70 միավոր համակարգչային տեխնիկա, մոտ մեկ կիլոգրամ ոսկի, 5 ավտոմեքենա, 30 հազար դոլար, ռուսական ռուբլի, վրացական լարի եւ կրիպտոարժույթով սառը դրամապանակ", - հաղորդել է ՂՀ ՆԳՆ կիբեռհանցագործություններին հակազդման վարչության պետ Ժանդոս Սինբայը:
Հատուկ գործողության ընթացքում ձերբակալվել է հանցավոր խմբի 41 մասնակից ՝ Հայաստանի, Վրաստանի, Իրանի, Սիրիայի և Լիբանանի քաղաքացիներ: Հայկական կողմը Ղազախստանի ՆԳՆ կիբեռհանցագործություններին հակազդման դեպարտամենտի աջակցությամբ իրականացնում է քննչական գործողություններ և օպերատիվ-հետախուզական միջոցառումներ: Դրանք ուղղված են բոլոր հանգամանքների, լրացուցիչ դրվագների, հակաիրավական գործունեության հանցակիցների, ինչպես նաև Ղազախստանի քաղաքացիներին պատճառված վնասի չափի բացահայտմանը, ասվում է հաղորդագրության մեջ: