Արմինֆո. Հայաստանն արդեն ներկայացված է Կոլիզեումում ցուցադրված տարածաշրջանային քարտեզում։ Այդ մասին "Արմենպրես"-ին հաղորդել է ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի քարտուղար Անի Բադալյանը:
Ավելի վաղ սոցիալական հարթակներում տարածվել էին տեղեկություններ այն մասին, որ Հռոմի Կոլիզեումում տեղակայված ցուցահանդեսում ներկայացված է քարտեզ, որտեղ տարածաշրջանի երկրների շարքում Հայաստանը նշված չէ: Ըստ տեղեկությունների, քարտեզը տեղադրված է Կոլիզեումի երկրորդ մակարդակում՝ Göbeklitepe. L’enigma di un luogo sacro (Göbeklitepe. Սուրբ վայրի առեղծվածը) խորագրով ցուցահանդեսային համալիրի անմիջապես մուտքի մոտ:
Ինչպես հաղորդել է Անի Բադալյանը, ցուցահանդեսի մասին տեղեկանալուն պես Հռոմում ՀՀ դեսպանության միջոցով խնդիրը ներկայացվել է Իտալիայի պատկան մարմինների և, համապատասխանաբար, կազմակերպիչների ուշադրությանը, և ստացվել է հարցը կարգավորելու դրական արձագանք: «Այս պահին Հայաստանն արտացոլված է քարտեզում»,-նշել է Բադալյանը։
Կոլիզեում հնագիտական պարկի կայքէջում նշված է, որ ցուցահանդեսը կազմակերպված է Կոլիզեումի հնագիտական պարկի և Թուրքիայի Հանրապետության մշակույթի և զբոսաշրջության նախարարության ու Հռոմում Թուրքիայի դեսպանատան համագործակցությամբ: Ցուցահանդեսը կգործի մինչև մարտի 2-ը:
Թուրքագետ Մելինե Անումյանն այդ առնչությամբ ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ ցուցահանդեսը նվիրված է Ուրֆայի Պորտասար հայկական պատմավայրին, որը թուրքերն անվանում են «Գյոբեքլի Թեփե»՝ բառացի թարգմանություն հայերենից: