
Deloitte Touche ընկերությունը ձեռնամուխ է եղել Հայաստանի էլեկտրաէներգետիկ ոլորտում իրավիճակի ուսումնասիրմանը: Այդ մասին այսօր կառավարության նիստում հայտարարել է ՀՀ փոխվարչապետ, Միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարար Վաչե Գաբրիելյան:
ՙԵրկուշաբթի տեղի են ունեցել հանդիպումներ ՀԾԿՀ-ի մասնագետների, կարգավորող ընկերությունների հետ: Ինձ մոտ է պայմանագիրը, ըստ որի նրանք հստակորեն աշխատում են: Ըստ այդ պայմանագրի՝ կան որոշակի դրույթներ երեք փուլերով, որոնք կատարվում են: Առաջին փուլի աշխատանքներն ավարտվում են սեպտեմբերի վերջին, երկրորդ փուլինը՝ հոկտեմբերի վերջին, երրորդ փուլինը՝ նոյեմբերին: Առաջին փուլում տրվելու է հետևյալ հարցի վերլուծությունը. ամբողջ արտադրական շղթայի վերլուծությունը՝ սկսած արտադրողից մինչև սպառող 2010-2015թթ. համար, էներգետիկ հաշվեկշռի, ՀԾԿՀ-ի կողմից սահմանվող սակագների գործընթացի վերլուծությունները, այդ թվում՝ հայտերի ընդունման, սակագների վերանայման պատճառների, դրանց վերանայման պարբերականության, ներկայացված հայտերի փոփոխության մեխանիզմների և կարգավորող հանձնաժողովի կողմից վերլուծության ենթարկվող ամբողջական ուսումնասիրության: Քննարկվելու են կանխատեսված, պլանավորված ցուցանիշների փաստացի շեղումների պատճառների վերհանումը, որոնք պայմանավորված կլինեն շուկայի հիմնական մասնակիցների ֆինանսական արդյունքներով, արտադրության ծավալներով, սպառված էլեկտրաէներգիայի ծավալներով, կլիմայական փոփոխությունների պայմաններով չնախատեսված խնդիրներով, ինչպիսին են, օրինակ, ատոմակայանի կանգառը, ինչպես նաև կարգավորող ընկերությունների կողմից կարգավորող հանձնաժողովին տրամադրված սակագների փոփոխության վերաբերյալ փաստաթղթերի վերլուծություն, այդ թվում, թե ինչ է ներառված, ինչը ոչ, որքանով են դրանք հիմնավորված՚,- ասել է փոխվարչապետը:
Վարչապետը հետաքրքրվել է, թե արդյոք մինչև սեպտեմբերի վերջ կունենան քսակագնի վերլուծության հիմնավորումը, ինչին ՀՀ փոխվարչապետը պատասխանլ է. ՙԱյո, մասնավորապես, եզրակացությունը, որ պետք է տրվի առաջին փուլում, դա 2015-2016թթ. սակագների, ինչպես նաև դրանց փոփոխության հիմնավորվածության վերաբերյալ կարգավորող հանձնաժողովի գործողությունների գնահատումն է: Սրանք այն եզրակացություններն են, որոնք, ըստ պայմանագրի, պետք է տրվեն առաջին փուլի վերջում՚:
ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանն իր հերթին հայտնել է, որ մինչև 500 կիլովատտ էլեկտրաէներգիա ծախսած բնակչության և ՓՄՁ-ների ցուցակները և ծավալները ՀԾԿՀ-ի ու ՀԷՑ-ի հետ ճշտվում են, մինչև շաբաթվա վերջ ծավալները հայտնի կլինեն և փոխհատուցումները կվճարվեն մյուս շաբաթվա ընթացքում՝ մինչև ամսի 20-ը:
Հիշեցնենք, որ ՀՀ կառավարությունը որոշում է ընդունել 2015թ. օգոստոսի 1-ից մինչև էներգետիկայի բնագավառում կարգավորման խորհրդատվական ծառայության արդյունքների ստացումը, սպառած էլեկտրական էներգիայի մասով՝ ս.թ. օգոստոսի 1-ից գործող սակագները մեղմացնելու համար բնակչության (ամսական սպառված ամբողջ էլեկտրաէներգիայի մասով) և 0,38 կՎ լարմամբ՝ ամսական մինչև 500 կՎտժ էլեկտրական էներգիայի սպառում ունեցող այլ սպառողների (ամսական մինչև 250 կՎտժ էլեկտրական էներգիայի սպառման մասով) օգտին վճարել սուբսիդիաներ 6,93 դրամ/կՎտժ չափով: Եթե խորհրդատվական ընկերության եզրակացությունը հաստատի սակագների բարձրացման հիմնավորումը, ապա այդ պահից սկսած սպառողներն «առանց կասկածների կսկսեն վճարել նոր սակագներով»: Հակառակ դեպքում` կառավարությումնը միջոցներ կձեռնարկի բաշխիչ ցանցներին վճարված լրացուցիչ միջոցները վերադարձնելու ուղղությամբ, իսկ բացթողումներ թույլ տված պաշտոնյաները պատասխանատվության կենթարկվեն: Նշենք, որ «Deloitte»-ը` PricewaterhouseCoopers, «Էռնստ ընդ Յանգի և ԿՊՄԳ հետ միասին աշխարհի աոդիտորական ընկերությունների առաջատար քառյակում է: Օգոստոսի 1-ից Հայաստանում ուժի մեջ են մտել էլեկտրաէներգիայի բարձրացված սակագները: Հուլիսի 27-ի նիստում ՀԾԿՀ հաստատել էր միջազգային խորհրդատվական ընկերություններին հրավերներ ուղարկելու որոշումը` էներգետիկ ոլորտի կարգավորման հարցերի շուրջ խորհրդատվությունների վերաբվերյալ իրենց առաջարկությունները ներկայացնելու խնդրանքով: Որոշումը կայացվել էր` հաշվի առնելով նախագահի հայտարարությունը` ՀԾԿՀ գործունեության հանդեպ հասարակայնության վստահությունն ամրապնդելու և 2015 թվականին էլեկտրաէներգիայի սակագների սահմանման գործընթացի հիմնավորման վերաբերյալ տարբեր գործոնների բացառման նպատակով: Ավելի ուշ հայտնի դարձավ, որ Հայաստանի իշխանություններն էլկետրաէներգիայի սակագների բարձացումը սուբսիդավորելու են ամերիկացիներին Որոտանի ՀԷԿ համալիրի վաճառքից ստացվելիք միջոցների հաշվին: