Արմինֆո. ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը չի կիսում այն կարծիքը, որ 1998 թվականին Հայաստանում տեղի է ունեցել պալատական հեղաշրջում: Այդ մասին նա հայտարարել է փետրվարի 17-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ՝ պատասխանելով լրագրողների համապատասխան հարցին։
Նախկին նախագահի խոսքով՝ այդ տարի ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը կարող էր իր հրամանագրով հանգիստ աշխատանքից ազատել այն ժամանակ գործող վարչապետին, որի պաշտոնն զբաղեցնում էր Ռոբերտ Քոչարյանը: "Նա կարող էր հանգիստ դա անել այն ժամանակ գործող սահմանադրության հիման վրա։ Առավել ևս, որ նախագահի իշխանությունն այն ժամանակահատվածում գրեթե անսահմանափակ էր։ Ինչու՞ նա չգնաց այդ քայլին", - հարց է տվել ՀՀ երկրորդ նախագահը։
Պատասխանելով այն ժամանակ առաջնային մանդատ չունենալու մասին հարցին՝ Քոչարյանն ընդգծել է, որ ինքն ունեցել է Լեռնային Ղարաբաղի ժողովրդի մանդատը, եւ ինքը՝ Լեւոն Տեր-Պետրոսյանը, խնդրել է իրեն գլխավորել ՀՀ կառավարությունը ։ "Այն ժամանակ մեր միջև շատ հստակ պայմանավորվածություն կար այն մասին, թե ինչպես ենք մենք աշխատելու, ես այն ժամանակ առաջին նախագահին ուղիղ ասացի, որ ես վաղուց շեֆ չեմ ունեցել։ Լևոնի հետ իմ հարաբերություններն այն ժամանակ շատ լավ էին, և նրան ասացի, որ չեմ ընկալելու որպես շեֆ։ Մեր հարաբերությունները պետք է լինեին գործնական հարթությունում", - ասել է Քոչարյանը, հավելելով, որ իրեն հայտնի չէ, թե արդյոք հրաժարական կտար այն ժամանակվա պաշտպանության նախարար Վազգեն Սարգսյանը (զոհվել է 1999թ. հոկտեմբերի 27-ին ԱԺ-ում տեղի ունեցած ահաբեկչության ժամանակ - խմբ.)։
Հիշեցնենք, որ 1998 թվականին ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը հրաժարական տվեց։ Դիտորդների կարծիքով՝ դա տեղի է ունեցել այն ժամանակվա պաշտպանության նախարար Վազգեն Սարգսյանի և ՀՀ վարչապետ Ռոբերտ Քոչարյանի կողմից նրա նկատմամբ ճնշումների պատճառով: Ճնշման պատճառը առաջին նախագահի "Պատերազմ, թե խաղաղություն" հոդվածն էր, որտեղ, գործնականում, առաջ էր քաշվել Լեռնային Ղարաբաղի՝ Ադրբեջանի կազմում գտնվելու գաղափարը: