Արմինֆո. Աշխարհասփյուռ հայ համայնքներն ու Հայաստանի հայրենակիցները ցնցված էին 2025 թվականի հունվարի 24-ին Շվեյցարիայում մի խումբ սփյուռքահայերի հետ հանդիպման ժամանակ Օսմանյան կայսրությունում իրականացված Հայոց ցեղասպանության վերաբերյալ վարչապետ Փաշինյանի արտահայտություններից։ Այդ մասին ասվում է Մեծ Բրիտանիայի հայ համայնքային խորհրդի հայտարարությունում։
"Հայոց ցեղասպանության վերաբերյալ նրա մեկնաբանությունները կասկածի տակ են դնում Հայոց ցեղասպանության ճշմարտացիությունը։ Հայ համայնքի խորհուրդն իր խորը մտահոգությունն ու վրդովմունքն է հայտնում վարչապետ Փաշինյանի խոսքերի կապակցությամբ: Հայոց ցեղասպանությունը պատմության ապացուցված, անվիճելի փաստ է՝ չնայած Թուրքիայի և նրա խորքային պետության ժխտողական քաղաքականությանը: Ավելի քան 30 երկիր, այդ թվում՝ ԱՄՆ-ը, Ֆրանսիան, Կանադան, Գերմանիան և շատ այլ երկրներ, պաշտոնապես ճանաչել են այդ իրադարձությունները որպես ցեղասպանություն։ Միայն Էրդողանը և նրա հետևորդները կարող են կասկածի տակ դնել Հայոց ցեղասպանության ճշմարտացիությունը", - ասվում է հայտարարությունում։
"Արդյո՞ք Փաշինյանը միացել է Էրդողանի կողմից ճշմարտության շարունակական ժխտմանը, ինչը պատմական փաստ է՝ հաստատված բազմաթիվ փաստաթղթերով։ Սա դավաճանություն է ազգին, ճշմարտության ժխտում ռևիզիոնիստական շեշտադրմամբ՝ "եկեք նայենք դրան և տեսնենք, թե իրականում ինչ է տեղի ունեցել" բառերով:
Այդյո՞ք կարող է վարչապետը բացատրել, թե որոնք են իր շարժառիթները: Հնարավոր է, նա իսկապես սկսել է կասկածի տակ դնել ճշմարտությունը՝ Էրդողանի հրամանով կասկածների ու շահարկումների մթնոլորտ ստեղծելու համար։ Մենք չենք կարող թույլ տալ, որ ոչ կոմպետենտ կամ մանիպուլյատիվ անձինք իրենց կասկածելի քաղաքական ծրագրերով մոլորեցնեն մեզ։
Փաշինյանը պետք է պաշտոնապես և բացահայտ ներողություն խնդրի իր անպատասխանատու և վիրավորական հայտարարությունների համար, որոնք վիրավորում են Հայոց ցեղասպանության սրբադասված նահատակների հիշատակը", - ասվում է համայնքային խորհրդի հաղորդագրության մեջ: