Արմինֆո. Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դեկոտինյին հիշեցրել է Ֆրանսիայի ռազմածովային ուժերի փոխծովակալ Լուի Դարտիժ դյու Ֆուրնեի դերը Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության ժամանակ Մուսա լեռան հայերի փրկության գործում:
«1940 թվականի փետրվարի 16-ին վախճանվել է ծովակալ Լուի Դարտիժ դյու Ֆուրնեն։ 1915 թվականի սեպտեմբերին Միջերկրական ծովում ֆրանսիական 3-րդ նավատորմի իր նավաստիների հետ նա օգնության ձեռք մեկնեց Մուսա լեռան ավելի քան 4000 հայերին փրկելու համար՝ թույլ տալով նրանց խուսափել ցեղասպանությունից։
Որոշում, որը Դարտիժը կայացրեց առանց հրահանգների՝ հավատարիմ մնալով միայն սեփական խղճին և ֆրանսիացի սպայի պատվին", - գրել է ֆրանսիացի դիվանագետը Twitter-ի (X) իր միկրոբլոգում:
Լուի Դարտիժ դյու Ֆուրնեն 1915 թվականի աշնանը չարտոնված հրաման է տվել տարհանել ավելի քան 4000 հայ տղամարդկանց, կանանց և երեխաների։ Եթե չլիներ դյու Ֆյուրնեի քաջությունը, այդ մարդիկ կզոհվեին ներկայիս Թուրքիայի հարավ-արևելքում գտնվող Մուսա լեռան ստորոտում։ Այդ պատմությունը սկսվել էր 1915 թվականի ամռանը, երբ վեց հայկական գյուղերի բնակիչների մեծ մասը հրաժարվել էր միանալ հայերի շարասյուներին, որոնց պետք է արտաքսեին թուրքական իշխանությունների հրամանով: Այն քչերը, ովքեր, այնուամենայնիվ, որոշեցին հնազանդվել, ուղարկվեցին մահվան երթի։ Գրեթե բոլորը զոհվել են ճանապարհին՝ այդպես էլ չհասնելով Սիրիական անապատ ։ Մնացած գյուղացիները՝ մոտ 5000 մարդ, լքել են տները և պատսպարվել Մուսա լեռան նախալեռներում: Այնտեղ նրանք միլիցիա կազմակերպել են աշխարհազոր և ավելի քան հիսուն օր խիզախորեն հետ մղել թուրքերի գրոհները։ Հայերի մեջ եղել է ընդամենը 600 մարտնչող։
Սեպտեմբերի 5-ին, երբ մուսալեռցիները կռվում էին արդեն մեկ ամիս, ֆրանսիական "Գիշեն" ռազմանավի անձնակազմը տեսել է նրանց ազդանշանները։ Աշխարհազորի մասնակիցներից մեկը՝ Պիեռ Դիմլաքյանը, հասել է հածանավ և օգնության խնդրանքով ուղղակիորեն դիմել ֆրանսիացի հրամանատարին, ով խոստացել է անել հնարավոր ամեն ինչ։
Համաձայն Լուի դյու Ֆուրնեի օրագրի գրառման, 1915 թվականի սեպտեմբերի 6-ին փոխծովակալը հեռագիր է ստացել, որում նկարագրվում էր իրավիճակը, և փոխել է նավի ընթացքը։ Հաջորդ օրը "Սուրբ Ժաննա դ' Արկ" դրոշակակիրը մոտեցել է ափին՝ հետախուզություն իրականացնելու համար։ Այս անգամ նավ է բարձրացել աշխարհազորի առաջնորդներից մեկը՝ Տիգրան Անդրեասյանը։ Նա խնդրել է տանել գոնե նրանց, ովքեր չեն մասնակցում մարտերին՝ կանանց, երեխաներին և ծերերին։ Նրան կրկին հավաստիացրել են, որ ֆրանսիական նավատորմը օգնության կգա հայերին։
"Ես հասկացա, որ մեր պարտքն է օգնել այդ թշվառներին", - գրել է դյու Ֆուրնեն օրագրում։ Նա շտապ հեռագիր է ուղարկել, բայց վախենում էր, որ ֆրանսիական հրամանատարությունում բյուրոկրատիան կարող էր վերածվել ողբերգության՝ պաշարվածների համար։ Վտանգելով սեփական կարիերան՝ փոխծովակալը, չսպասելով պատասխանի, հրամայել է իր տրամադրության տակ գտնվող բոլոր նավերին շարժվել դեպի Մուսա լեռ և անմիջապես սկսել տարհանումը։
"Սպասելու ժամանակ չկար։ Ինչ էլ որ լիներ պատասխանը, պետք էր բոլորին հանել", - գրել է դյու Ֆուրնեն, ում խոսքերը մեջբերում է "Ավրորա" մարդասիրական նախաձեռնությունը։