Արմինֆո. Փետրվարի 14-ին ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանը մասնակցել է բարձրաստիճան զինվորական ղեկավարների ընդունելությանը՝ Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակում։
Հայաստանի ՊՆ հաղորդագրության համաձայն, ընդունելության ընթացքում Էդվարդ Ասրյանն առանձնազրույցներ է ունեցել Գերմանիայի դաշնային զինված ուժերի պաշտպանության շտաբի պետ, գեներալ Կարստեն Բրաուերի, Եվրոպայում ՆԱՏՕ-ի դաշնակցային ուժերի հրամանատար-ԱՄՆ եվրոպական հրամանատարության հրամանատար, գեներալ Քրիստոֆեր Քավոլիի, ՆԱՏՕ-ի քոլեջի պետ, գեներալ-լեյտենանտ Արթուր Նիլսենի (Դանիայի ԶՈՒ) և այլ բարձրաստիճան զինվորականների հետ։
ԳԴՀ դաշնային զինված ուժերի պաշտպանության շտաբի պետ, գեներալ Կարստեն Բրաուերի հրավերով Մյունխենի անվտանգության համաժողովին մասնակցող ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանը փետրվարի 14-ին պաշտոնակիցների հետ մասնակցել է կլոր սեղան-փակ քննարկմանը։
Գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանը նաև ոչ ֆորմալ շփումներ է ունեցել ԱՄՆ-ի, Գերմանիայի, Շվեդիայի, Ֆինլանդիայի, Արգենտինայի գործընկերների, ինչպես նաև ՆԱՏՕ-ի ռազմական կոմիտեի նախագահի հետ։
Հաջորդիվ Էդվարդ Ասրյանը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած պատվիրակության կազմում մասնակցել է նաև Մյունխենի անվտանգության համաժողովի բացման պաշտոնական արարողությանը։