


Ադրբեջանի հետ սահմանին լարվածության վերջին սրումն աննախադեպ էր, սակայն այն չի վերաճի լայնածավալ պատերազմի: Այսօր լրագրողների հետ հանդիպմանն այդ մասին հայտարարել է արտակարգ և լիազոր դեսպան Արման Նավասարդյանը, նշելով, որ տվյալ պահի դրությամբ անիրատեսական է համարում ՀԱՊԿ զորքերի մուտքը հակամարտության գոտի:
Նրա ասլեով, Մերձավոր արևելքը գլոբալ փոփոխությունների նախաշեմին է: Թուրքիան հայտնվել է դաշնայնացման և, հնարավոր է, քրդական պետության կազմավորման առջև: Բաշար Ասադի գլխավորած Սիրիան տվյալ պահի դրությամբ վերահսկում է իր տարածքի ընդամենը 17%-ը, Ադրբեջանին սպառնում է իսլամականացում` Իսլամական պետության ընդլայնման դեպքում: Իրաքը, Սիրիան, Լիբիան, Եմենը դե-յուրե պետություններ են, դե-ֆակտո դադարել են գոյություն ունենալ, նույնպիսի հեռանկար է սպասում հարևան արաբական երկրներին: Ամերիկացիները խրվել են տարածաշրջանային հակամարտությունների մեջ, Ռուսաստանը նույնպես անուղղակիորեն ներքաշվել է դրանցում` Դամասկոսին սպառազինությունների մատակարարման միջոցով: «Համաշխարհային տերություններից ոչ մեկը լրացուցիչ ճակատ չի բացի: Միևնույն ժամանակ, կարծում եմ, որ ԱՄՆ-ի և Ռուսաստանի միջև գոյություն ունի ինչ-որ պայմանավորվածություն տարածաշրջանային հակամարտությունների շուրջ», - հայտարարել է Նավասարդյանը:
Արտակարգ և լիազոր դեսպանի կարծիքով, Ռուսաստանի կողմից ռազմական տեխնիկայի վաճառքն Ադրբեջանին սխալ էր, և դա ընդունում են բազմաթիվ փորձագետներ, սակայն կա կարծիք, որ, Ադրբեջանին սպառազինություն վաճառելով, Ռուսաստանը ձգտում էր նրան ենթակայության վիճակում դնել, ինչը համընդհանուր փորձ էր դեռ ԽՍՀՄ ժամանակներում: «Ամեն դեպքում, պետք չէ մոռանալ, որ Ադրբեջանը Ռուսաստանի համար իրավիճակային հաճախորդ է, իսկ Հայաստանը` ռազմավարական գործընկեր», - նշել է արտակարգ և լիազոր դեսպան Արման Նավասարդյանը:



