Արմինֆո. Պրոդյուսեր, հասարակական գործիչ Ռուբեն Մխիթարյանը կգլխավորի "Իմ հզոր համայնք" կուսակցությունը՝ Գյումրիի քաղաքապետի առաջիկա ընտրություններում: Այդ մասին հաղորդել է կուսակցության նախագահ Սպարտակ Թարթիկյանը։
"Իմ հզոր համայնք" կուսակցությունը, հավատարիմ մնալով իր հիմնական սկզբունքներին, որոշում է կայացրել Ռուբեն Մխիթարյանի ղեկավարությամբ մասնակցել Գյումրու քաղաքապետի ընտրություններին: Այս որոշումը բնական է, քանի որ Ռուբենին ճանաչում ենք երկար տարիներ", - այդ առնչությամբ գրել է Թարթիկյանը։
Հիշեցնենք, որ ավելի վաղ Ռուբեն Մխիթարյանը հայտարարել էր Գյումրիի քաղաքապետի պաշտոնում առաջադրվելու մտադրության մասին: Իր ուղերձում Մխիթարյանը հիշեցրել էր, որ հայտնի է որպես 2018 թվականի մայիսի 8-ից Հայաստանում գործող իշխանության դեմ հանդես եկող հասարակական գործիչ, հենց այդ հանգամանքն է դարձել Գյումրիի քաղաքապետի պաշտոնում իր թեկնածությունն առաջադրելու որոշման պատճառը:
Հավելենք, որ հոկտեմբերի 28-ին Գյումրու քաղաքապետ Վարդգես Սամսոնյանը հրաժարական էր տվել՝ այն բանից հետո, երբ քրեական գործ էր հարուցվել դաշինքի հիմնադիր, նախկին քաղաքապետ Սամվել Բալասանյանի դեմ, ում մեղադրում են հայտնի "Սև ամրոցի"շուրջ հողատարածքներն ապօրինի օտարելու համար: Միաժամանակ հրաժարական են տվել նաև "Բալասանյան" դաշինքի ավագանու անդամները։ Գյումրիի քաղաքապետի պաշտոնակատար է դարձել Սարիկ Մինասյանը։ Այդ մասին հայտնի է դարձել "Քաղաքացիական պայմանագիր" կուսակցության ներկուսակցական քվեարկության արդյունքում: