Արմինֆո.Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը 2024 թվականի փետրվարի 4-ի թիվ 55-Ա որոշմամբ կարճել է Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության նկատմամբ Սնուպ Դոգի համերգի կազմակերպման նպատակով «Դոպինգ Սփեյս» ընկերությանը պետական օժանդակության տրամադրման առնչությամբ հարուցված վարույթը։ Այդ մասին հաղորդել է ՄՊՀ մամուլի քարտուղար Անի Սմբատյանը՝ «Ֆեյսբուքի» իր էջում:
«Վարույթի շրջանակում իրականացված ուսումնասիրության արդյունքում արձանագրվել է, որ «Դոպինգ Սփեյս» ընկերությանը տրամադրված օժանդակության մասնաբաժինը սպորտային և այլ միջոցառումների կազմակերպման շուկայում գործող կազմակերպիչ-ընկերությունների հասույթի ընդհանուր ծավալում կազմել է ընդամենը 7,06 տոկոս։
Ընդ որում, միջոցառումների կազմակերպման շուկան բավականին լայն է, և Հանձնաժողովի ուսումնասիրությունը վերաբերել է շուկայի որոշակի հատվածին։ Մինչդեռ ամբողջ շուկայի գնահատման պարագայում «Դոպինգ Սփեյս» ընկերությանը տրված օժանդակության մասնաբաժինն ավելի կնվազեր, հետևապես անգամ համերգը տեղի ունենալու և տրամադրված պետական օժանդակության օգտագործման պարագայում շուկայում մրցակցության սահմանափակման հնարավորություն չէր առաջանա», - գրել է ՄՊՀ մամուլի քարտուղարը։
Նշենք, որ Սնուպ Դոգի համերգը պետք է կայանար 2023 թվականի սեպտեմբերին, սակայն Արցախում ադրբեջանական զինված ուժերի ռազմական ագրեսիայի և դրա հետևանքով բնակչության բռնի տեղահանության պատճառով համերգը հետաձգվեց մինչև 2024 թվականի մայիս-հունիս: Սակայն արդեն գարնանը հայտարարվեց, որ ամերիկացի ռեփերը, ամենայն հավանականությամբ, 2024թ. նոյեմբերին ելույթ կունենա Հայաստանի մայրաքաղաքում։ Բայց նոյեմբերին էլ Սնուպ Դոգի համերգը Հայաստանում չկայացավ։ Դրանից հետո ԿԳՄՍՆ-ն գրավոր դիմել է համերգի կազմակերպիչներին ՝ պահանջելով պետության կողմից միջոցառման անցկացման համար հատկացված գումարը վերադարձնել պետական գանձարան: Իսկ Սնուպ Դոգի համերգը կազմակերպելու համար իշխանությունները որոշել էին հարկատուների միջոցներից հատկացնել 2 մլրդ 318 մլն դրամ (շուրջ 6 մլն դոլար՝ ընթացիկ փոխարժեքով) ։ Նշված գումարը պետք է ուղղվեր Սնուպ Դոգի հոնորարի վճարմանը, նրա թիմի տեխնիկական պահանջների կատարմանը, անվտանգության և ապահովագրության ծախսերին, բարձրակարգ տեխնիկական հագեցվածության ապահովմանը և գովազդային միջոցառումների անցկացմանը:
Ըստ ՄՊՀ-ի տրամադրած տեղեկատվության, ծրագրված, բայց չկայացած համերգի համար ռեփերին փոխանցված հոնորարներն արդեն վերադարձվել են "Դոպինգ Սփեյս":