Արմինֆո. ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը Կոնստանտինոս Տասուլասին շնորհավորել է Հունաստանի նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ: Նա համապատասխան գրառում է կատարել է Twitter-ի (X) իր միկրոբլոգում։
"Ջերմորեն շնորհավորում եմ Կոնստանտինոս Տասուլասին Հունաստանի Հանրապետության նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ: Մեր երկկողմ հարաբերությունները հիմնված են բարեկամության բազմամյա պատմության, ընդհանուր արժեքների և համերաշխության վրա: Ձգտում ենք երկկողմ և բազմակողմ հարթություններում հայ-հունական գործընկերության հետագա ամրապնդմանը: Նորընտիր նախագահին մաղթում ենք ամենայն հաջողություն իր հետագա նախաձեռնություններում", - գրել է Հայաստանի նախագահը:
Ավելի վաղ Kathimerini-ն հաղորդել էր, որ Հունաստանի խորհրդարանը նախագահ է ընտրել կառավարող "Նոր ժողովրդավարություն" պահպանողական կուսակցության թեկնածու, խորհրդարանի նախկին խոսնակ Կոնստանտինոս Տասուլասին: Նա ստացել է 160 ձայն: Ընդհանուր առմամբ, քվեարկությանը մասնակցել է խորհրդարանի 300 անդամներից 276-ը։ Թեկնածուին ընտրվելու համար բավական էր պարզ մեծամասնությունը՝ 151 ձայն։ Երդմնակալության արարողությունը նախատեսվում է մարտի 13-ին, երբ լրանում է Հունաստանի հեռացող նախագահ Կատերինա Սակելլարոպուլուի պաշտոնավարման ժամկետը: