
Սեպտեմբերի 7-ին ՀՀ կառավարության և «ԴԵԼՈՅԹ ԸՆԴ ՏՈՒՇ» միջազգային խորհրդատվական ընկերության միջև ստորագրվել է էներգետիկայի բնագավառում կարգավորման խորհրդատվական ծառայության մատուցման պայմանագիրը:
Ինչպես ասվում է ՀԾԿՀ մամուլի ծառայության հաղորդագրության մեջ, գործընթացի շրջանակներում «ԴԵԼՈՅԹ ԸՆԴ ՏՈՒՇ» միջազգային խորհրդատվական ընկերությունը պետք է իրականացնի էներգետիկ համակարգի գործառնական վերլուծություն, ներառյալ` արտադրողից մինչև սպառող գնագոյացման արժեշղթայի ուսումնասիրություն, սակագնի կառուցվածքի հիմնական բաղկացուցիչ մասերի, շուկայի տատանումների ու մյուս գործոնների նկատմամբ դրանց զգայունության ընդհանուր նկարագրի ներկայացում և ստեղծված իրավիճակի ներքո սակագների չբարձրացման հետևանքների գնահատում, ինչպես նաև՝ սակագների օպտիմալացման տարբերակների վերլուծություն և ըստ անհրաժեշտության երկարաժամկետ ռազմավարական զարգացման ծրագրի շուրջ խորհրդատվություն:
Պայմանագրով նախատեսված աշխատանքների իրականացման նպատակով ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը տրամադրել է «ԴԵԼՈՅԹ ԸՆԴ ՏՈՒՇ» ընկերության կողմից պահանջված ողջ տեղեկատվությունը: Խորհրդատուի խնդրանքով տեղի է ունեցել աշխատանքային քննարկում հանձնաժողովի և «ԴԵԼՈՅԹ ԸՆԴ ՏՈՒՇ» ընկերության ներկայացուցիչների միջև, ինչպես նաև հանձնաժողովի շենքում կազմակերպվել է հանդիպում «ԴԵԼՈՅԹ ԸՆԴ ՏՈՒՇ» և էլեկտրաէներգետիկական համակարգի ընկերությունների ներկայացուցիչների միջև:
Հիշեցնենք, որ ՀՀ կառավարությունը որոշում է ընդունել 2015թ. օգոստոսի 1-ից մինչև էներգետիկայի բնագավառում կարգավորման խորհրդատվական ծառայության արդյունքների ստացումը, սպառած էլեկտրական էներգիայի մասով՝ ս.թ. օգոստոսի 1-ից գործող սակագները մեղմացնելու համար բնակչության (ամսական սպառված ամբողջ էլեկտրաէներգիայի մասով) և 0,38 կՎ լարմամբ՝ ամսական մինչև 500 կՎտժ էլեկտրական էներգիայի սպառում ունեցող այլ սպառողների (ամսական մինչև 250 կՎտժ էլեկտրական էներգիայի սպառման մասով) օգտին վճարել սուբսիդիաներ 6,93 դրամ/կՎտժ չափով: Եթե խորհրդատվական ընկերության եզրակացությունը հաստատի սակագների բարձրացման հիմնավորումը, ապա այդ պահից սկսած սպառողներն «առանց կասկածների կսկսեն վճարել նոր սակագներով»: Հակառակ դեպքում` կառավարությումնը միջոցներ կձեռնարկի բաշխիչ ցանցներին վճարված լրացուցիչ միջոցները վերադարձնելու ուղղությամբ, իսկ բացթողումներ թույլ տված պաշտոնյաները պատասխանատվության կենթարկվեն:
Նշենք, որ «Deloitte»-ը` PricewaterhouseCoopers, «Էռնստ ընդ Յանգի և ԿՊՄԳ հետ միասին աշխարհի աոդիտորական ընկերությունների առաջատար քառյակում է: Օգոստոսի 1-ից Հայաստանում ուժի մեջ են մտել էլեկտրաէներգիայի բարձրացված սակագները: Հուլիսի 27-ի նիստում ՀԾԿՀ հաստատել էր միջազգային խորհրդատվական ընկերություններին հրավերներ ուղարկելու որոշումը` էներգետիկ ոլորտի կարգավորման հարցերի շուրջ խորհրդատվությունների վերաբվերյալ իրենց առաջարկությունները ներկայացնելու խնդրանքով: Որոշումը կայացվել էր` հաշվի առնելով նախագահի հայտարարությունը` ՀԾԿՀ գործունեության հանդեպ հասարակայնության վստահությունն ամրապնդելու և 2015 թվականին էլեկտրաէներգիայի սակագների սահմանման գործընթացի հիմնավորման վերաբերյալ տարբեր գործոնների բացառման նպատակով: