Արմինֆո. Հայաստանում աշխարհազորի համակարգը կփոխարինվի տեղական ինքնապաշտպանական ուժերով։ ՀՀ Ազգային ժողովը փետրվարի 11-ի լիագումար նիստում երկրորդ եւ վերջնական ընթերցմամբ քննարկում է "Պաշտպանության մասին" օրենքում եւ հարակից ակտերի փաթեթում ՀՀ կառավարության ներկայացրած փոփոխությունները:
ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Արման Սարգսյանի ասելով՝ մինչեւ երկրորդ ընթերցում ներկայացված փաթեթի վերաբերյալ պատգամավորների կողմից որեւէ առաջարկություն չի ստացվել, ՀՀ կառավարությունը կատարել է ընդամենը մեկ ուղղում, որը տեխնիկական բնույթ է կրում եւ չի ազդում փաստաթղթերի բովանդակային կողմի վրա:
Նախարարի տեղակալը նշել է, որ փաթեթով սահմանվում են տեղական ինքնապաշտպանական ուժերի դերին, ղեկավարման սկզբունքներին, կառուցվածքին, համալրման կարգին վերաբերող դրույթներ: Տեղական ինքնապաշտպանական ուժերի ընդհանուր ղեկավարումը, որոնք իրականացնելու են բանակին աջակցող ուժերի գործառույթներ, իրականացնելու է բանակային կորպուսի հրամանատարը: Տեղական ուժերը կազմավորվելու են կամավոր հիմունքներով՝ համայնքներում հաշվառված, պահեստազորի երկրորդ խմբում գտնվող քաղաքացիների հաշվին: Նրանց հետ կկնքվեն համապատասխան պայմանագրեր։ Փաթեթում ներկայացված են նաև տեղական ինքնապաշտպանական ուժերի ներկայացուցիչների պատրաստման պայմանները ։ Օրենսդրական փոփոխությունների համաձայն, վերացվելու են աշխարհազորի տարածքային կառույցները, իսկ իրենք՝ աշխարհազորայինները, կամավոր հիմունքով կարող են անցնել տեղական ինքնապաշտպանական համակարգեր: Տեղական ուժերի շարքերում ներգրավումը կարող է իրականացվել նաև այն անձանց հաշվին, ովքեր սպառել են պահեստազորի տարիքային ռեսուրսը զինված ուժեր զորակոչվելու համար:
Այդ առնչությամբ ԱԺ ընդդիմադիր "Հայաստան" խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանն ուշադրություն է հրավիրել այն փաստի վրա, որ փաթեթը քննարկվում է արդեն բավականին երկար ժամանակ: Աշխատանքային քննարկումներ են եղել, օրինագծերն անցել են առաջին ընթերցմամբ։ Այդուհանդերձ, խմբակցությունը մի շարք պատճառներով ձեռնպահ կմնա փաթեթն ընդունելուց ։ Առաջին հերթին, պետք է նշել, որ, ըստ էության, աշխարհազորի համակարգը չկայացավ։ Այս ֆոնին վստահություն չկա, որ տեղական ինքնապաշտպանական ուժերը իսկապես կգտնեն իրենց տեղը: Բացի այդ, ինչպես նշել է Գեղամ Մանուկյանը, չեն կատարվել տեղական ինքնապաշտպանական համակարգերի ստեղծման հայեցակարգի մի շարք դրույթներ, եւ այդ պատճառով խմբակցությունը ձեռնպահ է մնալու քվեարկության ժամանակ: